Սա բացառապես Ալիևի պահանջ է և որևէ իրավական հիմք չունի, ասել է Թաթոյանը
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն անդրադարձել է Սահմանադրության փոփոխության վերաբերյալ իշխանությունների նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցը բերելով օրակարգ՝ թակարդի մեջ է դնում հասարակությանը։
«Սա բացառապես Ալիևի պահանջ է, և սա որևէ իրավական հիմք չունի», – ասաց Թաթոյանը ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ չնայած խաղաղության պայմանագրի նախաստորագրման փաստաթղթում ամրագրված է կողմերի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, Ադրբեջանն ակնհայտորեն միջամտում է և պահանջներ առաջադրում։
«Տեսեք, թե Ադրբեջանը, ակնհայտ միջամտելով, ինչ պահանջներ է առաջադրում, և Նիկոլ Փաշինյանը հանձն է առել դա անել՝ լինելով Ալիևի կամակատարը»,- նշեց Թաթոյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը պատերազմի սպառնալիքը դարձրել է ներքին ընտրությունների գլխավոր գործոն և դրանով շանտաժի է ենթարկում ժողովրդին։
Ըստ Թաթոյանի՝ եթե ժողովուրդը մերժի Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվեն, ժողովրդին նույնպես դարձնելու են պատերազմ ուզող ժողովուրդ։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի, նա նշեց, որ ՀՀ-ում չկան պատերազմ ուզող ուժեր։
Ավելի վաղ Փաշինյանը սոցցանցի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն:
«Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով»,-գրել էր նա։