Իրանի զինված ուժերը երկրի ափամերձ տարածքներից մի քանի թևավոր հրթիռ են արձակել ԱՄՆ-ի USS Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ, հայտնել է իրանական բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ, որը մեջբերում է պետական հեռուստառադիոընկերությունը, նշվում է, որ արձակված հրթիռների մի մասը խոցել է ռազմական նավը։ Ամերիկյան կողմից հերքում կամ հաստատում չի հրապարակվել։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է նաև, որ Իրանի զինված ուժերն սկսել են օգտագործել պինդ վառելիքով հրթիռներ և ճշգրիտ կառավարվող ռումբեր՝ Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական թիրախների վրա վերջին հրթիռային հարվածների ժամանակ։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին:
Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
