ՍԴ դատավորները հավելավճար կստանան աշխատանքային ստաժի համար

ՍԴ դատավորները հավելավճար կստանան աշխատանքային ստաժի համար

25 մարտի 2026 – 14:37 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը բարձրացնելու մասիննախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՍԴ նախագահի, փոխնախագահի և ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար:

ՍԴ դատավորների՝ 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով՝ աշխատանքային ստաժի հավելավճարը կհաշվարկվի առավելագույնը 11 տարվա համար և կսահմանվի աճողական կարգով՝ սկսած պաշտոնավարման 2-րդ տարվանից, 2-րդ տարում՝ 20 տոկոս, 3-րդում՝ 35 տոկոս, 4-րդ տարվանից՝ յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10 տոկոսով ավելի, հայտնում է 1lurer.am-ը:

Քննարկման ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել է, որ անհրաժեշտ է վերանայել վարձատրության համակարգը՝ հաշվի առնելով, որ այն լիարժեք չի համապատասխանում դատավորների բարձր իրավական կարգավիճակին, լիազորությունների ծավալին և պատասխանատվության մակարդակին։

«Նախագծի անցումային դրույթների ուժով հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները, այսինքն՝ մեկնակետը ՍԴ դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի պաշտոնը ստանձնելու պահն է»,- ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ 2026 թվականի համար ՍԴ նախագահի, փոխնախագահի և յոթ դատավորների դեպքում հավելավճարների վճարման համար նախատեսվել է մոտ 46 մլն 775 հազար 40 դրամ ծախս՝ հիմնված նրանց պաշտոնավարման ստաժի վրա։

«Հավելավճարի հաշվարկման կարգի հետ կապված, 4-րդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր տարվա համար 10 տոկոս է հաշվարկվելու: Կարող եմ տարեկան կտրվածքով ասել, որ, օրինակ, ՍԴ դատավորի պարագայում ամսական հարկված 1 մլն 284 հազար 384 դրամի աշխատավարձ է տարեկան 15 մլն 412 հազար 608 դրամը, առաջարկվող լրացման ուժով հավելավճարն ապրիլից կկազմի 150-510 հազար դրամ՝ կախված ստաժի քանակից»,-ասել է Գալյանը:

Leave a Comment