25 մարտի 2026 – 13:34 AMT
PanARMENIAN.Net – Բանակը պետք է ֆինանսավորվի ՀՆԱ-ի առնվազն 8%-ով, այսինքն՝ բանակի բյուջեն կավելանա 1 մլրդ դոլարով, հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
Նա ներկայացրել է առաջարկում են լուծումներ, որոնք կբերեն իրական խաղաղություն, և դրա համար հաստատել են 6 քայլ, հայտնում է Aysor.am-ը:
Ըստ Թաթոյանի՝ առաջին քայլը կլինի այն, որ իրենց պաշտոնավարման առաջին իսկ օրը ստեղծվելու է հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողով, որը կլինի վարչապետին առընթեր և կունենա 6 ամսվա մանդատ։
«Հանձնաժողովը կներկայացնի հստակ ծրագիր և կունենա նաև ընթացիկ վերահսկողության ծրագիր»,- ասել է նա։
2-րդ կետով՝ հանձնաժողովին կտրվեն հստակ ժամկետներ և հաշվետվողություն։
«Որպեսզի ցույց տրվի, որ ունենք զսպման կարողություններ պաշտոնավարման առաջին տարիների ավարտին, ինչպես հասնել ռազմական հավասարակշռության մեր հարևանի հետ մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին»,- ասել է նա՝ շեշտելով, որ այս համատեքստում գլխավոր հարցերից է լինելու՝ ինչպես բարեփոխել և արդիականացնել բանակը։
3-րդ կետը, ըստ ծրագրի, վերաբերում է պետական ներդրումներին՝ անվտանգության բնագավառում։
«Մինչև այս հանձնաժողովի կողմից ծրագրի ներկայացումը անհապաղ փոփոխություն կարվի օրենքում և կամրագրվի, որ բանակի ֆինանսավորումը և պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը չի կարող լինել ՀՆԱ-ի 8 տոկոսից ցածր։ Այսինքն՝ բանակի բյուջեն կավելանա 1 մլրդ ԱՄՆ դոլարով։ Դրանից բացի՝ այս գումարից կես մլրդ դոլար կուղղվի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը՝ տեղական կազմակերպությունների զարգացմանը խթանելու նպատակով»,- նշել է Թաթոյանը:
Քայլ 5-րդը կլինի ճշմարտությունը և պատասխանատվությունը․«Մենք իշխանության գալուց անմիջապես հետո հրապարակելու ենք երկու կարևոր զեկույցներ՝ 2016-ի քառօրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը այդպես էլ չհրապարակվեց, նաև 2020-ի 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը։ Ակնհայտ է, որ հատկապես այդ զեկույցը չհրապարակելով՝ իշխանությունները փորձում են թաքցնել իրենց անհաջողությունները»։
6-րդ կետը վերաբերում է «խելամիտ սահմաններին և թվային պաշտպանությանը»։
«Զարկ ենք տալու ժամանակակից բանակի կառուցմանը՝ մարդկային ներուժի հնարավորինս նվազ ներգրավմամբ, բայց լիարժեք սարքավորումների օգտագործմամբ։ Կարևոր է բանակի հետախուզական կարողությունների զարգացումը»,- ասել է նա:
Թաթոյանը նաև ասել է, որ Ադրբեջանը նախատեսել էր 2025-ի մարտին հարձակում գործել ՀՀ-ի վրա:
«Այս կառավարության հետ համագործակցող Ներսես Կոպալյանը EVN-ի հետ հարցազրույցում հատուկ ընդգծել էր, որ մարտի սկզբին ԱՄՆ հետախուզությունն ուներ հիմնավոր տվյալներ, որ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակում գործել ՀՀ-ի նկատմամբ, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի միջնորդությունը և նրանց ներկայացրած TRIPP-ը պարզապես փրկեց այս իրավիճակը, մեր երկրին և ՔՊ-ին»,- ասել է Թաթոյանը և նշեց, որ ԱՄՆ-ն թույլ չտվեց Ադրբեջանին հարձակվել ՀՀ-ի վրա։
Թաթոյանն ակնհայտ է համարում՝ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն չեն հասկանում, որ Ադրբեջանի պես պետությանը զիջելու դեպքում միայն նոր ագրեսիաներ ես հրավիրում:
«Այդ պետությունը դիտարկում է պատերազմները որպես իշխանությունը պահելու գործիք, որի հետևից գնում է այս իշխանությունը։ Զիջումները միայն բերելու են պատերազմ, և դրա լավագույն ապացույցը 2020-2024-ին իրենց բոլոր զիջումներով հանդերձ՝ նույն իրական սպառնալիքն էր»,-ասել է նա:
Նա մեկ օրինակ բերեց, որ Սահմանադրական հանրաքվեն և փոփոխությունները Նիկոլ Փաշինյանն անում է Ադրբեջանի պարտադրանքով:
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ զիջումը անում է այս ձախողված քաղաքականության պատճառով»,-նշել է նա:
Թաթթյանը նաև ասել է, որ ՀՀ ադրբեջանական ներխուժումների մասին իր ներկայացրած փաստերը ճիշտ էին և դա հաստատվեց անկախ լրատվամիջոցների հետաքննություններով:
«Դրանով մենք ապացուցեցինք, որ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն ստում են և գաղտնի են պահել մեզանից այս ներխուժումը»,- ասել է նա։
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։