Ի՞նչ է առաջարկում Թրամփը Իրանին․15 կետանոց «խաղաղության ծրագրի» մանրամասները

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի համար ներկայացված, այսպես կոչված, 15 կետանոց «խաղաղության ծրագիրը» պաշտոնապես չի հրապարակվել, սակայն դրա որոշ մանրամասներ շրջանառվում են ամերիկյան և իսրայելական լրատվամիջոցներում։

Մասնավորապես, իսրայելական Channel 12-ը հայտնում է, որ առաջարկը ներառում է մի շարք խիստ պահանջներ Թեհրանի նկատմամբ։

Ըստ այդ տեղեկությունների՝

  • Իրանի միջուկային օբյեկտները՝ Նաթանզում, Իսֆահանում և Ֆորդոյում, պետք է ապագործարկվեն և ոչնչացվեն,
  • Իրանի միջուկային գործունեությունը պետք է ամբողջությամբ գտնվի International Atomic Energy Agency-ի վերահսկողության տակ,
  • Իրանը պետք է հրաժարվի տարածաշրջանում իր զինված դաշնակիցներին աջակցելուց և նրանց ֆինանսավորումից,
  • Պետք է ապամոնտաժվեն արդեն կուտակված միջուկային կարողությունները,
  • Թեհրանը պարտավորվի երբեք չձգտել միջուկային զենքի ստեղծմանը,
  • Իրանի տարածքում չպետք է իրականացվի ուրանի հարստացում, իսկ առկա հարստացված նյութերը պետք է հանձնվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը,
  • Հորմուզի նեղուցը պետք է մնա բաց և համարվի «ազատ ծովային գոտի»,
  • Իրանի հրթիռային ծրագիրը պետք է սահմանափակվի քանակով և հեռահարությամբ՝ բացառապես ինքնապաշտպանական նպատակներով։

Միևնույն ժամանակ, ըստ նույն աղբյուրների, ծրագիրը նախատեսում է նաև որոշ զիջումներ Իրանի համար։ Դրանց թվում են՝

  • ԱՄՆ աջակցությունը Բուշեհրում քաղաքացիական միջուկային էներգետիկ ծրագրի զարգացման համար,
  • Իրանի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցների վերացում,
  • Պատժամիջոցների վերականգնման սպառնալիքի չեղարկում։

Բացի այդ, հաղորդվում է, որ հնարավոր է մեկամսյա հրադադար՝ բանակցությունների ընթացքում, սակայն այս տեղեկատվությունը ևս պաշտոնապես չի հաստատվել, և White House-ը դեռևս չի մեկնաբանել այդ տեղեկությունները։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Leave a Comment