ՔՀԿ-ները դատապարտել են Վլադիմիր Վարդանյանի առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ դատապարտել են Վլադիմիր Վարդանյանի առաջադրումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում՝ հայտարարելով, որ այդ որոշումը վտանգում է դատարանի անկախության և անաչառության նկատմամբ հանրային վստահությունը։

Հայտարարությունում նշվում է, որ թեև օրենքը ՍԴ դատավորին արգելում է լինել կուսակցական և զբաղվել քաղաքական գործունեությամբ, այդ սահմանափակումների նպատակը «բացառել դատավորի փոխկապակցվածությունը քաղաքական ուժերի հետ և ապահովել դատարանի անկախությունն ու անաչառությունը»։

ՔՀԿ-ների գնահատմամբ՝ Վարդանյանի «ավելի քան յոթ տարվա քաղաքական և կուսակցական ակտիվ գործունեության հանգամանքը առերևույթ կասկած է հարուցում նման անաչառության հնարավորության վերաբերյալ»։

Հայտարարության հեղինակները նաև ընդգծել են, որ նույնիսկ մանդատը վայր դնելը և կուսակցական անդամակցության դադարեցումը բավարար չեն նման մտահոգությունները փարատելու համար։ «Մանդատը վայր դնելը և կուսակցական անդամակցության դադարեցումը ողջամտորեն չեն կարող երաշխավորել քաղաքական կապերի և գաղափարական փոխկապակցվածության լիարժեք ընդհատումը», – ասված է հայտարարության մեջ։

ՔՀԿ-ները հիշեցրել են, որ նախկինում նմանատիպ իրավիճակ առաջացել էր նաև Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև նախագահ ընտրվելու գործընթացում։ Հայտարարության համաձայն՝ այն ժամանակ ևս «նույն քաղաքական անթաքույց փոխկապակցվածության հանգամանքը» դարձել էր քննադատության հիմք, և այդ նշանակումը Նիկոլ Փաշինյանը որակել էր որպես Սերժ Սարգսյանի կողմից «գործուղում» Սահմանադրական դատարան։

Վլադիմիր Վարդանյանը ԱԺ փակ քվերակությամբ ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր՝ 67 կողմ, 0 դեմ ձայներով։

Leave a Comment