Իրանն սպառնացել է ծանր հարվածներ հասցնել Գազայում գտնվող իսրայելցի զինվորականներին

Իրանի զինված ուժերը կհարվածեն Գազայի հատվածում գտնվող իսրայելցի զինվորականներին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի և պաղեստինյան տարածքների վրա, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

«Լիբանանի և Պաղեստինի խաղաղ բնակչության դեմ հանցագործությունները շարունակելու դեպքում թշնամու ուժերի կենտրոնացման վայրերն օկուպացված Պաղեստինի հյուսիսային մասում և Գազայում կհայտնվեն Իրանի ծանր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև Լիբանանում էսկալացիան սկսվել էր մարտի 2-ի գիշերը, երբ լիբանանյան շարժումը վերսկսել էր հրթիռային հարձակումներն Իսրայելի ուղղությամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին:

Շարժումը մարտի 2-ին հրթիռային հարձակում էր սկսել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ: Ի պատասխան՝ Իսրայելը մարտի 2-ից լայնածավալ ռազմական գործողություն էր սկսել Լիբանանի դեմ՝ ինտենսիվ օդային հարվածներ հասցնելով Բեյրութի ծայրամասերին, Լիբանանի հարավին և արևելքին: Մարտի 3-ից Իսրայելն սկսել էր սահմանափակ ցամաքային ներխուժում Լիբանանի հարավ, որը հետագա օրերին ընդլայնվել էր։

Leave a Comment