24 մարտի 2026 – 14:18 AMT
PanARMENIAN.Net – ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Վարդան Ալոյանը։
Նա նշել է, որ օրենքով նման գործերի քննության համար սահմանված է երկամսյա ժամկետ:
«Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո Ն․ Փ․-ի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա ՔՊ-ն նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ ՀԷՑ-ը «խլելու» համար։ Բացառապես ՔՊ-ի ձայներով այդ փոփոխություններն ընդունվեցին։
Մի քանի օր անց ՔՊ-ական ՏԿԵ նախարար Դ․Խ․-ի հաղորդման հիման վրա, «նախկին» ՔՊ-ական Մ․ Մ․-ի միանձնյա ոչ իրավաչափ որոշմամբ ՀԷՑ-ի նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ և Ռ․Պ․-ն նշանակվեց ՀԷՑ-ի Ժ․Կ․։
Ժ․Կ․-ն անմիջապես հեռացրեց ՀԷՑ-ի պրոֆեսիոնալ ղեկավար կադրերից շատերին և նրանց փոխարեն նշանակեց էներգետիկայի ոլորտի հետ կապ չունեցող հիմնականում ՔՊ-ական անձանց։
ՀԾԿՀ-ի բացառապես ՔՊ-ի կողմից ընտրված անդամների ձայներով ՀԷՑ-ը 17/11/2025 թվականին զրկվեց էլեկտրաէներգիայի բաշխողի լիցենզիայից։
Նշված ակնհայտ անհիմն և ոչ իրավաչափ վարչական ակտը սեփականատիրոջ կողմից բողոքարկվեց դատական կարգով։ Օրենքով նման գործերի քննության համար սահմանված է երկամսյա ժամկետ։
Շաբաթ օրվանից սկսված և ընդմիջումներով՝ այսօր առավոտյան ժամը 04:00-ին ավարտված (փաստացի մոտ 29 ժամ տևած) դատաքննության ընթացքում ջախջախվեցին վարույթի հիմք հանդիսացած բոլոր սին փաստերն ու ենթադրությունները։
Եթե լրացուցիչ ապացույցներ հետազոտելու կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն չառաջանա, ապա դատական ակտը կհրապարակվի 26/03/2026 թվականին»,-գրել է նա և եզրափակել՝ «ՀԷՑ-Ը չի ծառայելու ՔՊ-ին»։
Դատական նիստում ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հարցեր էր բարձրացրել ներկայացված թվերի վերաբերյալ՝ անդրադառնալով նաև այն ժամանակահատվածին, երբ արդեն նշանակվել է ժամանակավոր կառավարիչ:
2025թ․ հուլիսի 18-ին կառավարության լիազոր մարմնի հաղորդման հիման վրա ՀԾԿՀ նախագահը վարչական վարույթ է հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ժամանակավոր կառավարիչ։