Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության

Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության

24 մարտի 2026 – 15:24 AMT

PanARMENIAN.Net – Դատարանը որոշում է կայացրել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ։

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում։

«Առաջին ատյանի դատարանը բավարարել մեր միջնորդությունը՝ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխել վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով»,- նշել է Մելիքյանը։

Փաստաբանն ասել է, որ շարունակելու են պահանջել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի արդարացումը՝ պնդելով, որ նրանց արարքներում հանցակազմ չկա։ Նա հավելել է, որ սա այն դեպքերից է, երբ միջազգային կառույցները ևս արձագանքել են։

«Մենք շարունակելու ենք մեր դիրքորոշումը պնդել, որ դատարանը պետք է կայացնի արդարացման դատական ակտ, ինչպես եղել էր առաջին գործով»,- ասել է Մելիքյանը։

Նա նաև ազատություն է մաղթել Վազգեն Սաղաթելյանին՝ նշելով, որ «խիստ անարդար է, որ նա բանտում է, անազատության մեջ»։

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են նոյեմբերի 13-ին, իսկ հունվարի 9-ին դատարանը երկարացրել է նրանց կալանքի ժամկետը երեք ամսով։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ պահանջելով դադարեցնել դատավարությունը։ 15 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Սամսոնյանի կալանքը հետագայում վերաքննիչ դատարանի որոշմամբ փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի։

Leave a Comment