
Խոսելով Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին, Բահչելին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պետք է մտահոգ լինեն ոչ թե Իրանի, այլ՝ Իսրայելի վարչակազմի փոփոխությամբ»: Նա սուր քննադատության է ենթարկել Նաթանյահուի կառավարությանը, որ «ոտնահարել է ոչ միայն միջազգային իրավունքի, այլև մարդկային բարոյականության բոլոր սկզբունքները»: Ի թիվս այլոց, Բահչելին վկայակոչել է նաև Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները:
«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ «Երուսաղեմը իսլամական քաղաք է, ոչ ոք չի կարող ատնձգություն անել Ալ-Աքսա մզկիթի պատմական ստատուս-քվոյի դեմ, իսկ ովքեր կփորձեն, կդապարտվեն թանկ գին վճարելու թե երկրային, թե երկնային կյանքում»: Ի վերջո, Բահչելին հնչեցրել է ամենագլխավորը, նա Սիրիայի հարավում մարտի 20-ին Իսրայելի բանակի գործողությունները որակել է «մարտահրավեր Թուրքիային»:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդը Իսրայելի հասցեին չափազանց կոշտ, գրեթե վերջնագրային բնույթի հայտարարություններ է հնչեցրել մի փուլում, երբ, եթե տեղեկությունները հավաստի են, Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանի հետ բանակցությունների միջոցով հասնել պատերազմի ավարտին: Անկասկած, խոսքը Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական նոր ստատուս-քվո ձևավորելու մասին է:
Պատերազմից բառացիորեն երկու առաջ Իսրայելի վարչապետը Երուսաղեմում հյուրընկալել է Հնդկաստանի վարչապետին եւ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել, որ Մերձավոր Արևելքում «շիադավան առանցքի փոխարեն սուննի առանցք չի ձևավորվի»: Նաթանյահուն ակնհայտորեն նկատի է ունեցել Թուրքիային: Այսօր ԱՄՆ-ը Իրանի հետ բանակցություններ սկսելու հարցում օգտվում է նաև Թուրքիայի միջնորդությունից:
Բահչելին հայտարարել է, որ Թուրքիան «միջազգային գերտերություն լինելու բոլոր հնարավորություններն ունի»: Դա Միացյալ Նահանգներին արված ակնհայտ «զգուշացում» է: Իրանի դեմ պատերազմը բացահայտել է, որ ԱՄՆ-ը «հրաշագործ» չէ: Թուրքիան, ինչպես և սպասվում էր, բացահայտում է Մերձավոր Արևելքում օսմանյան ժառանգության «սեփականատիրոջ իրավունքը»: Խնդիրը կլուծվի թուրք-իսրայելա-ամերիկյան համաձայնությա՞մբ, թե՞ թուրք-իսրայելական պատերազմով: