24 մարտի 2026 – 16:35 AMT
PanARMENIAN.Net – Քրեակատարողական համակարգում արձանագրված մահվան դեպքերը, ըստ մասնագետների, վկայել են լուրջ համակարգային խնդիրների մասին։
2025-ին ՔԿՀ-ներում գրանցվել է դատապարտյալների և կալանավորների մահվան 24 դեպք, ուրեմն խնդիրը համակարգային է, հայտարարել է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը: Այդ մասին նա հայտարարել է Մեդիա կենտրոնում կազմակերպված «Առողջության պահպանման իրավունքը բանակում և քրեակատարողական համակարգում» թեմայով քննարկման ընթացքում։
Նրա ներկայացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում դիտորդական խումբը ստացել է ավելի քան 180 ահազանգ, որոնց մոտ 80 տոկոսը վերաբերել է առողջական խնդիրներին՝ բուժօգնության ուշացում, քաղաքացիական հիվանդանոց տեղափոխման ուշացում, ոչ պատշաճ բուժօգնություն և դեղորայքի տրամադրում, հայտնում է Panorama.am-ը:
https://www.panorama.am/am/news/2026/03/24/%D5%94%D4%BF%D5%80-%D5%B4%D5%A1%D5%B0/3154962
Գաբրիելյանը նշել է, որ բազմիցս դիմել են արդարադատության և առողջապահության նախարարություններ, ինչպես նաև վարչապետի աշխատակազմ՝ բարձրաձայնելով խնդիրները, սակայն արձագանքները եղել են մասնակի, իսկ մի շարք հարցեր մնացել են անպատասխան։
«ՔԿՀ-ներում մահվան դեպքերի նման բարձր ցուցանիշ գրանցվել է 2016 թվականին՝ 29 մահ։ 2024 թվականին գրանցվել է 12 մահ, բոլոր դեպքերը ներկայացվել են որպես կենսաբանական մահեր։ 2025-ին գրանցվել է մահվան 24 դեպք, որից 8-ն ինքնասպանություն է, 16-ը՝ կենսաբանական մահ, բայց այս դեպքերը բազմաթիվ հարցեր են առաջացնում, ո՞վ է պատասխանատվություն կրում այդ մահերի համար։ Մեր այս հարցերը մնացել են անպատասխան; Մարդը եղել է ՔԿՀ-ում, այդ մարդը չկա, թե ինչպիսի զարգացումներ են եղել մահվան հետևանքով, էլի տեղեկատվություն չկա»,- ասել է Գաբրիելյանը։
ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Ալբերտ Դանիելյանը նույնպես մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ մեկ տարվա ընթացքում փակ հաստատություններում մահվան դեպքերը կրկնապատկվել են, իսկ վերջին տարիներին արձանագրվել է ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակը։
«Ինքնասպանության նման բարձր ցուցանիշ մենք չենք ունեցել, 2011-ին և 2016-ին գրանցվել էր ինքնասպանության 7 դեպք։ Սա վկայում է այն մասին, որ իրավասու մարմինները թերացել են ՔԿՀ-ներում գրանցված մահվան ու ինքնասպանության դեպքերի պատճառների վերհանման գործում»,- ասել է ՄԻՊ ներկայացուցիչը։