24 մարտի 2026 – 17:46 AMT
PanARMENIAN.Net – Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է Կառավարության տարեկան զեկույցում տեղ գտած տեղեկությունը, որ այս տարեսկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները:
Բայց «Ազատությանը» ԱԱԾ-ի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում «Ախուրիկ» չգործող անցման կետում: Իսկ այս չգործող անցման կետը ոչ թե սահմանամերձ Ախուրիկ գյուղում է, այլ ոչ սահմանամերձ Ախուրյան գյուղի երկաթուղային կայարանի տարածքում:
Թե ինչ ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում հայ սահմանապահները և արդյոք այնտեղ նախկինում ռուսներին էին տեղակայված, ԱԱԾ-ն չի հստակեցրել:
Միևնույն ժամանակ հաստատել են, որ սահմանային Ախուրիկում Հայաստան – Թուրքիա պետական սահմանի պահպանությունը դեռ իրականացնում են Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը՝ համաձայն 1992 թվականին ստորագրված «Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործության պայմանների մասին» պայմանագրի:
Մարտի սկզբին Ախուրիկ գյուղ այցի ժամանակ «Ազատությունը» ականատես էր եղել, որ այնտեղի հսկիչ կետում շարունակում են ծառայել ռուսները: