Ազգային ժողովի դիմաց 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված և անհետ կորածների ծնողները, ինչպես նաև հասարակական ու քաղաքական գործիչներ մարտի 24-ին պահանջել են հանրայնացնել 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը 2025-ի հոկտեմբերին ուղարկվել էր խորհրդարանի արխիվ։ Ակցիան հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մերժել է զեկույցը հրապարակելու իրենց դիմումը։ Ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ այդ պատճառով նախաձեռնող խումբը պատրաստվում է դիմում ներկայացնել ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարներին՝ պահանջելով զեկույցի հրապարակման հարցը ներառել խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգում։
Գևորգյանը նշել է, որ ակցիան նախաձեռնող խմբին միավորում է մեկ պահանջ՝ բացահայտել ճշմարտությունը Արցախյան պատերազմի հանգամանքների վերաբերյալ։
«Այսօր այստեղ հավաքվել են տարբեր ժամանակներում տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, բայց այսօր բոլորին միավորում է մեկ բան՝ ճշմարտությունը։ Մենք կոչ ենք անում ամբողջ հանրությանը միասին գնալ այդ ճշմարտության ճանապարհով։ Միանշանակ է, որ այն պետք է բացահայտվի»,- ասել է նա։
Գևորգյանի խոսքով՝ հասարակության մեջ տարածվում են տարբեր տեսակետներ՝ մի կողմից ասվում է, թե հանձնաժողովի զեկույցում կան տեղեկություններ, որոնք հնարավոր չէ հրապարակել, մյուս կողմից՝ կա կարծիք, թե այնտեղ որևէ լուրջ բան չկա, և այն կարող է օգտագործվել որպես քաղաքական գործիք։
«Մեզ ասում են, որ հանձնաժողովում այնքան բան կա, որ չի կարելի հրապարակել։ Կա նաև հակառակ կարծիքը, թե այնտեղ ոչինչ չկա, և շուտով, որպես ընտրական PR, իշխանությունը ցույց է տալու, որ ամեն ինչ նորմալ էր։ Մենք համոզված ենք, որ երկիրը չի կարող շարունակել գնալ դեպի անդունդ, և հասարակությունը պետք է իմանա ճշմարտությունը»,- նշել է Գևորգյանը։
Նա հայտնել է, որ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին հասցեագրված նամակում ներկայացված են իրավական հիմնավորումները, թե ինչու պետք է հրապարակվի քննիչ հանձնաժողովի զեկույցը։
«Նամակում ներկայացված են իրավական պահանջներ, և մենք այն այսօր հանձնելու ենք Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին»,- հավելել է նա՝ նշելով, որ նամակը ստորագրվելու է նախաձեռնող խմբի անդամների կողմից։
Ակցիայի մասնակից Միքայել Մարգարյանը հայտարարել է, որ նախաձեռնությունը լինելու է շարունակական։ Ակցիայի մասնակիցները հավելել են, որ Ազգային ժողովի քառօրյա նիստերի ընթացքում շարունակելու են հավաքվել խորհրդարանի դիմաց և ամենօրյա ռեժիմով պատգամավորներից պահանջելու են պարզաբանել, թե ինչ ընթացք է տրվել իրենց պահանջին։
«Հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր են պատասխանատու պատերազմի հետևանքների, հազարավոր զոհերի և մեր այսօրվա ծանր իրավիճակի համար»,- ընդգծել են ակցիայի մասնակիցները։
Մարգարյանը հավելել է, որ պահանջը ձևավորվել է անհետ կորած զինծառայողների ծնողներից, որոնք հույս ունեին, որ հանձնաժողովը չորս տարի անց վերջապես պարզաբանում կտա և լույս կփսռի իրենց զավակների որոնման, ինչպես նաև տեղի ունեցածի իրական պատճառների վրա։
«Զեկույցի հրապարակման պահանջին միացել են նաև զոհված ազատամարտիկների ծնողները, որոնք ունեն բազմաթիվ հարցեր՝ ի՞նչ պայմաններում են զոհվել իրենց երեխաները, ո՞վ է տվել հրամանները, ո՞վ է պատասխանատու, և ինչո՞ւ են մինչ օրս շատ հարցեր մնում անպատասխան։ Միանում են նաև պատերազմի մասնակիցները, որոնք մարտի դաշտում էին և այսօր հարց են տալիս՝ հնարավո՞ր էր արդյոք կանխել պարտությունը, և ինչո՞ւ պատերազմի հետևանքները շարունակվում են այսքան տարիներ՝ ծանր հետևանքներ ունենալով երկրի համար»,- նշել է Մարգարյանը։
Նրա խոսքով՝ նաև Արցախի ներկայացուցիչներն են շահագրգռված, որ հանձնաժողովի բոլոր բացահայտումները հրապարակվեն։
«Ժողովուրդը գնում է ընտրությունների։ Չի կարելի ընտրությունների գնալ ստի կամ անորոշության պայմաններում։ Ուստի, բոլոր քաղաքական ուժերին և հասարակության բոլոր շերտերին կոչ ենք անում միանալ այս պահանջին, որպեսզի մարդիկ ընտրություն կատարեն ամբողջական տեղեկության պայմաններում, և Հայաստանը գոնե հնարավորություն ունենա վերականգնվելու»,- եզրափակել է Մարգարյանը։
2024 թվականի սեպտեմբերին զեկույցը պատրաստ էր, բայց հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025-ի սեպտեմբերին։ 2025-ի հոկտեմբերիին Սիմոնյանը հատարարել էր, որ ժամկետները խախտելու հիմնավորմամբ զեկույցն ԱԺ լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան։ Ավելի ուշ խորհրդարանից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։
Կարդացեք նաև՝
