24 մարտի 2026 – 18:00 AMT
PanARMENIAN.Net – Հանրային–քաղաքական գործիչներն ու 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Ազգային ժողովի շենքի դիմաց և պահանջում են հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։
Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը, հայտնում է Sputnik Արմենիան:
Հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը իր ելույթում նշել է, որ իշխանությունները երկար ժամանակ չեն հրապարակել մի շարք տեղեկություններ՝ դրանք ներկայացնելով որպես գաղտնի տվյալներ։
«Այս իշխանությունը տարիներ շարունակ չեն հրապարակել այն ամենը, ինչ չեն ուզել, կոծկել են «հույժ գաղտնիության» անվան ներքո։ 4-5 տարի շարունակ ասում էին՝ այս հանձնաժողովը լույս է սփռելու ամեն ինչի վրա, լինելու են դատական ակտեր, ձերբակալություններ, բայց հետո հանկարծ բոլորը դրա մասին լռեցին։ Հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են պատասխանատու պատերազմի համար, հատկապես այն պայմաններում, երբ երկիրը կանգնած է նոր ընտրությունների առաջ»,– ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով՝ հանրությունը պետք է տեղեկացված լինի, որպեսզի կարողանա գիտակցված որոշումներ կայացնել։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ շարունակելու են իրենց պահանջները, քանի դեռ չի հրապարակվել հանձնաժողովի ամբողջական զեկույցը և չեն պարզաբանվել պատերազմի պատասխանատուները։
Հավաքվածները ստորագրել են նամակներ՝ դրանք փոխանցելու Ազգային ժողովի խմբակցություններին։ Նրանք նաև նշել են, որ ամեն օր՝ ժամը 15։00-ին, շարունակելու են հավաքվել խորհրդարանի դիմաց։
44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբայր և անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանն ասել է․ «Այսքան տարի սպասել ենք եզրակացությանը, քանի որ մեզ խոստացել էին եզրակացությունը լինելու դեպքում իմանալու ենք բոլոր մեղավորների անուններն, ու նրանք էլ ստանալու են իրենց պատիժը։ Մեկ էլ իմանում ենք՝ զեկույցն արխիվացվել է, գաղտնիացվել։ Դա ի՞նչ է նշանակում», հայտնում է Panorama.am-ը:
Նա ընդգծել է, որ արդեն 6 տարի սպասում են պարզելու՝ ովքեր են իրենց երեխաների և հարազատների զոհվելու պատասխանատուները։
«Ուզում եմ իմանալ՝ ով է իմ եղբոր զոհվելու մեղավորը, ուզում եմ իմանալ՝ ով է այնտեղ սարքել այդ բարդակը։ Զինվորը չի եղել այդ բարդակի մեղավորը, հրամաատարներն են եղել։ Այս տարիներին չենք ստացել մեր հարցերի պատասխանները»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ինքը չի ցանկանում պատերազմ, քանի որ դրա հետևանքներն անձամբ է կրել, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ընտրել պայքարը։
«Հիմա էլ պատերազմով են ահ տալիս։ Ես չեմ ուզում պատերազմ, տնիցս 2 հոգու կորցրել եմ այդ պատերազմի ընթացքում։ Բայց եթե ընտրության առաջ կանգնելու հարց լինի՝ զենքը ձեռքիդ պատվով մեռնես, թե տանդ նստած թուրքը գա, տանդ մեջ ընտանիքիդ անդամների վիզը կտրի… Չէ, ավելի լավ է զենքը ձեռքս մեռնեմ»,- ասել է Ղուկասյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներառվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում՝ ժամկետների խախտման պատճառով, սակայն քննարկվել են դրա ներկայացման այլ ձևաչափեր։ Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ զեկույցը չի հրապարակվելու, և որոշվել է այն փոխանցել խորհրդարանի առաջին բաժին՝ որպես գաղտնի փաստաթուղթ պահպանելու համար։