Աբրահամյան․ Իշխանությունն առաջնորդվում է հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով

Աբրահամյան․ Իշխանությունն առաջնորդվում է հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով

24 մարտի 2026 – 18:17 AMT

PanARMENIAN.NetԻշխանությունն առաջնորդվում է հանրությանը «պատերազմով սպառնալու սկզբունքով», հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

«Իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պատերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ իշխանությունն ի սկզբանե չի առաջնորդվել իրական խաղաղության երաշխիքներով:

«Իշխող ռեժիմն իր երկարակեցության ապահովման հիմքում դնում է իր՝ ամեն գնով՝ զիջումներով, պարտությամբ և հպատակությամբ, թվացյալ՝ կարճաժամկետ, խաղաղություն ապահովելու սկզբունքը: Սակայն հանրային ցուցիչի և պրագմատիկ մոտեցման տեսանկյունից, քաղաքական ուժը, որի պաշտոնավարման օրոք երկիրը 5-6 անգամ ագրեսիայի և հարձակումների է ենթարկվել, ակնհայտորեն խաղաղություն բերողի ռեպուտացիա չի կարող ունենալ:

Երկրորդ, իշխանության պնդումը, թե իրենց՝ պետության ղեկին չմնալու պարագայում երկիրը պատերազմի հորձանուտ կմտնի, ևս մեկ հիմնավորումն է առ այն, որ սահմանին առկա ստատուս քվոն ոչ այնքան խաղաղություն է, որքան չկառավարվող հրադադար:

Երրորդ, Ադրբեջանի պահանջներն ու հավակնությունները վերջին 5 տարվա ընթացքում կայուն աճել են և չկա որևէ երաշխիք, որ դրանք ընտրություններից հետո՝ գործողների վերարտադրման պարագայում, չեն ավելանա, ինչը կամ նոր զիջումների կբերի կամ նոր պատերազմի:

Չորրորդ, պատերազմում հաջողություն ունենալու հարցում ի սկզբանե տապալված են այն երկրները, որտեղ հասարակության շրջանում խորը բաժանարար գծեր կան, տարբեր խմբերի միջև թշնամություն և ատելություն է սերմանված, իսկ կառավարող ռեժիմը այն սնուցում է և օգտագործում ներքաղաքական շահերի ապահովման համար»,- նշել է Աբրահամյանը։

Նա ընդգծել է, որ իրական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է պետական շահերի պաշտպանություն, անվտանգության ապահովում և դիվանագիտական ճկուն մեխանիզմների կիրառում։

«Ժողովուրդը հոգնել է ձեր սին խոստումներից, անընդհատ լարվածության տանող ու հոգեբանական բռնություն ենթադրող վարքագծից և իրական խաղաղություն է փնտրում: Մեր հասարակություն հոգնել է պատերազմներից, բայց առավել շատ հոգնել է ձեր բերած պարտություններից, անարժանապատիվ կեցվածքից, չավարտվող դժբախտություններից և ստի անսահման չափաբաժնից: Ի վերջո հանրությունը հոգնել է ձեզանից և ձեր հետագա հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներում նոր ձախողումների, կորուստների, զիջումների և պատերազմի հեռանկար է ուրվագծում»,- ասել է Տիգրան Աբրահամյանը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment