Մահացած ծննդկանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չի ծննդաբերել. ծննդալուծումը տեղի է ունեցել այլ բժշկական կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ հորդորելով զանգվածային լրատվամիջոցներին զերծ մնալ 40-ամյա ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելուց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում ծննդկան է մահացել, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
«Ծննդկանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չի ծննդաբերել. ծննդալուծումը տեղի է ունեցել այլ բժշկական կենտրոնում։ Ծննդալուծումից հետո բարդացած վիճակով պայմանավորված՝ ծննդկանը, համաձայն գործող ընթացակարգերի, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Տեղափոխման ընթացքում արձանագրվել է սրտի կանգ. իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որոնք շարունակվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։
«Ցավոք, չնայած գործադրված բոլոր ջանքերին, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավարությունը և անձնակազմը խորին ցավակցություն են հայտնում մահացածի հարազատներին», – նշվում է հաղորդագրության մեջ։