24 մարտի 2026 – 18:46 AMT
PanARMENIAN.Net – Եթե ընդդիմությունը գա իշխանության, խաղաղության ամբողջ ճարտարապետությունը կփլվի, հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա հավելել է, որ ՀՀ երկրորդ նախագահ «Ռոբերտ Քոչարյանը պատերազմի մշտական հրձիգ է», հայտնում է Radar Armenia-ն:
«Այդ դուք չէիք, որ խաղաղության ամբողջ գործընթացը տորպեդահարել եք։ Եթե դուք գաք իշխանության, խաղաղության ամբողջ ճարտարապետությունը կփլվի»,- ասել է նա։
Նա նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչներից մեկը կրկին խոսել է «կուկուռուզ» կամ այլ սննդի մասին՝ քննադատելով այդ մոտեցումը։
«Կներեք, իսկ դուք կուկուռուզ կամ կարկանդակ չե՞ք ուտում։ Կարո՞ղ է պատահի՝ ֆուա գրա եք ուտում։ Ներողություն, որ ձեր արիստոկրատ ճաշակը և քիմքը չի համապատասխանում մեր մարդկային և աշխատավորական քիմքին:
Արժեքների բախում է տեղի ունենում մեր երկրում: Մի կողմում այն արժեքն է, որտեղ պետության ղեկավարը դուրս է գալիս փողոց, շփվում և բանավիճում է քաղաքացիների հետ, անգամ ներողություն է խնդրում։ Մյուս կողմում այն արժեքն է, որ ղեկավարի անունը կրճատելու համար տանում են զուգարան և այնքան են ծեծում, որ մարդը մահանում է»,- նշել է նա։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե 2020-ին իրենք լինեին իշխանության, պատերազմ չէր լինի, եթե 2021-ին իրենք ընտրվեին, Ղարաբաղը չէր դատարկվի։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ իրենք «ռևանշիստական նկրտումներ չունեն»:
«Նման բան տարածում են, որովհետև այլ բան տարածելու չունեն»,-ասել է նա: