Առաջ այդ սպառնալիքներն Ալիևն էր հնչեցնում, հիմա՝ ինքը, չեմ բացառում, որ վաղը դուետով հնչեցնեն․ «Մեծ քաղաքականություն» փոդքաստի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները՝ կետերով․
- Կարծում եք՝ Հայաստանում այլևս ընտրող չկա՞, որ լրջություն է փնտրում։ Ես այդպես չեմ կարծում։ Անլրջություն ցուցաբերենք, մեր ընտրողին կկորցնենք։
- Խոսքն այն մասին է՝ դու սեփական ժողովրդին հարգո՞ւմ ես, թե՞ չես հարգում։ Դու ընտրությունները կրկեսի՞ ես վերածում, թե՞ լուրջ ես վերաբերում։
- Պարադոքսալն այն է, որ նա փորձում է պատերազմի վտանգը կապել մի մարդու հետ, որի նախագահության ժամանակ ամենախաղաղ տարիներն են եղել։ Առաջ այդ սպառնալիքներն Ալիևն էր հնչեցնում, հիմա՝ ինքը։ Չեմ բացառում, որ վաղը դուետով հնչեցնեն։
- Փաշինյանը խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի։ Սա էլ մանիպուլյացիա է․ կա մի թուղթ, որն իրավական ուժ չունի, և դրա մասին այնքան են խոսել, որ կարծես թուղթ է դարձել։ Հիմա այդ թղթի վերաբերյալ կանխատեսումներ են անում։
- Եթե իսկապես վերլուծության շնորհքն ունի, կգնա՞ր Արցախում կասե՞ր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
- Մենք ասում ենք՝ բերելու ենք երաշխավորված խաղաղություն։ Համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում կարելի է ներդնել երաշխիքային համակարգ։ Իհարկե, պատերազմ չի լինի։
- Արցախը կորցրինք մի պատճառով՝ մեկ մարդ որոշեց, որ կարող է գնալ և Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։