Սահակյան. Գերիների առողջության վերաբերյալ տեղեկությունները կցկտուր են

Սահակյան. Գերիների առողջության վերաբերյալ տեղեկությունները կցկտուր են

24 մարտի 2026 – 18:48 AMT

PanARMENIAN.Net – Գնալով ավելի դժվար է դառնում Բաքվում ապօրինի դատապարտված հայերի և նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալը։ Այս մասին ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Բացի այն, որ ավարտվել են դատավարությունները, Կարմիր խաչը վտարված է և որևէ միջազգային կառույց չի իրականացնում անկախ գործունեություն մարդու իրավունքների տեսանկյունից, մենք նաև զրկված ենք այդ հատվածական, կցկտուր պատկերային տեղեկատվությունից։ Նախկինում խոշտանգման առանձին դրվագներ բացահայտվեցին նաև այդ լուսանկարների ուսումնասիրությամբ, մինչդեռ գնալով տեղեկությունն ավելի ու ավելի սահմանափակ է դառնում»,– ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ այս պահին դեռ հնարավոր է որոշակի պաշտոնական տվյալներ ստանալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով, սակայն դրանք հաճախ կրում են ձևական բնույթ, այդ թվում՝ գերիների առողջական վիճակի վերաբերյալ։

«Մինչդեռ, երբ այդ տեղեկությունները համադրում ենք մեզ հայտնի օբյեկտիվ տվյալների, հեռախոսազանգերի միջոցով ստացված առողջական վիճակի մասին հաղորդումների և պաշտոնական փաստաթղթերի հետ, մեծ խզում ենք տեսնում։ Իսկապես լրջագույն առողջական ռիսկեր պարունակող դեպքեր կան, սակայն դրանց մասին պատշաճ արձանագրում տեղի չի ունենում և, առհասարակ, բժշկական ծառայություններ և սպասարկում չի տրամադրվում, որի միջոցով գոնե հնարավոր կլիներ ապահովել այս անձանց պատշաճ առողջական վիճակը։ Նրանց մոտ գնալով վատթարացում է տեղի ունենում, և կյանքին սպառնացող ռիսկերը, վտանգները, ըստ էության, մեծանում են»,– նշել է Սահակյանը։

Նա հավելել է, որ ընտանիքների հետ հեռախոսազանգերի ընթացքում հայերը հաճախ են բողոքել առողջական խնդիրներից, և երբեմն ձայնի փոփոխությունը կամ խոսելու դժվարությունները վկայել են շնչառական կամ թոքային խնդիրների մասին։

Իրավապաշտպանը մատնանշել է նաև մեկ այլ խնդիր՝ դատապարտված հայերը չեն կարողացել ծանոթանալ իրենց վերաբերյալ կայացված դատավճիռներին։

«Ստացվում է` այս կեղծ, բեմականացված դատավարություններն ընթանում էին, որպեսզի այս անձանց «մեղքը» հիմնավորվի, սակայն ի սկզբանե նրանք զրկված են իրենց առաջադրված մեղադրանքները հասկանալու և դրանցից պաշտպանվելու հնարավորությունից։ Մենք ունենք մեկ դեպք, երբ ընդամենը քաղվածքն են տրամադրել, իսկ մնացած դեպքերում ո՛չ դատավճիռի ամբողջական տարբերակը, ո՛չ էլ քաղվածքը չեն տրամադրում դատապարտված հայերին»,– տեղեկացրել է Սահակյանը։

Նրա գնահատմամբ՝ դատավճիռները չտրամադրելը միտումնավոր քայլ է՝ խոչընդոտելու միջազգային ատյաններում պաշտպանվելու հնարավորությունները։

Սահակյանը նշել է, որ նախատեսում են նախաձեռնել միջազգային իրավական գործընթացներ՝ անհատական դիմումների ձևաչափով՝ անկախ պետական քայլերից։

Նա նաև հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ մի շարք իրավապաշտպանների և կազմակերպությունների հետ դիմել են միջազգային կառույցներին՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել Բաքվում պահվող հայերի իրավունքների պաշտպանության և նրանց ազատ արձակման ուղղությամբ։

Իրավապաշտպանի խոսքով՝ միջազգային կառույցները արձագանքել են, և թեման շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում, սակայն ադրբեջանական կողմից հաճախ արձագանքել են կոշտ հռետորաբանությամբ, ինչը, ըստ նրա, վկայում է միջազգային ճնշման զգալի ազդեցության մասին։

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը», որը սկսվել է 2025 թվականի հունվարին, ավարտվել է, և 2026 թվականի փետրվարի 5-ին հրապարակվել են դատավճիռները։ Դրանցով մի շարք նախկին պաշտոնյաներ դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման, այդ թվում՝ ցմահ։ 2026 թվականի փետրվարի 17-ին ավարտվել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը, որի արդյունքում նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Leave a Comment