Ռահվիրա Լարիջանիի փոխարեն նոր նշանակում Իրանում. Հակոբ Բադալյան

Իրանը պաշտոնապես հայտնել է անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղարի անունը: Նորանշանակ քարտուղարը, որ այդ պաշտոնում փաստորեն փոխարինում է սպանված Ալի Լարիջանիին՝ Մոհամմադ Բաղեր Զոլղադրն է:

Մուհամմադ Բաղեր Զոլղադրը Իրանի բազմափորձ պաշտոնյաներից է: Նա 71 տարեկան է, զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ թե քաղաքական, թե ուժային կառույցներում: Նա ըստ էության հեղափոխության Պահապանների կորպուսի ներկայացուցիչն է, որ նշանակվում է անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնին:

Զոլղադրը ունի ռազմավարական կառավարման դոկտորական աստիճան, որ ստացել է պաշտպանության ազգային Ինստիտուտում:

Այս նշանակումը ուշագրավ է մի քանի օր առաջ տարածված այն տեղեկության ֆոնին, որ Ալի Լարիջանիին կփոխարինի Սեյեդ Ջալալին՝ պահպանողական թեւի մեկ այլ բազմափորձ գործիչ, որը եղել էր նաեւ նախագահի վերջին ընտրությանը Մասուդ Փեզեշկիանի հետ երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուն: Այդ տեղեկությունը սակայն չհաստատվեց փաստորեն պաշտոնապես, թեեւ պաշտոնական հերքում էլ չէր հնչում:

Եվ ահա, Իրանի նախագահի աշխատակազմը հայտնում է, որ Գերագույն հոգեւոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հավանությամբ ԱԲԽ քարտուղար է նշանակվել Մուհամմադ Բաղեր Զոլղադրը: Արդյո՞ք սա նշանակում է, որ Իրանի վերնախավում կարծիքների բախում է եղել Ջալալիի նշանակման կապակցությամբ, եւ ի վերջո ընտրվել է կոմպրոմիսային թեկնածու:

Բարդ է ասել միարժեք, բայց փաստն այն է, որ նշանակվել է նոր պաշտոնյա, որը փոխարինում է իրանյան քաղաքականության հիրավի ռահվիրայի կարգավիճակ եւ նկարագիր ունեցող Ալի Լարիջանիին:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment