Կրթական ցանցի փոփոխություններ. ինչո՞ւ և ինչպե՞ս են վերակազմակերպվում դպրոցները. «Դպրություն»

Մեծ արձագանք է ստացել սահմանամերձ և գյուղական համայնքներում 100-ից քիչ աշակերտ ունեցող դպրոցների փակման կամ օպտիմալացման գործընթացը։ Մի կողմից քննարկվում է կրթության արդյունավետության և ռեսուրսների բաշխման հարցը, մյուս կողմից՝ համայնքների գոյության, անվտանգության և ապագայի խնդիրները։

ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանում են, որ դպրոցների օպտիմալացումը կամ փակումը հաճախ նորերի կառուցման, վերակառուցման կամ կրթահամալիրների ստեղծման գործընթացի մաս է՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի լավ պայմաններով ու հագեցվածությամբ նոր միջավայր։ Եվ դա ոչ թե պարզապես փակում է, այլ ենթակառուցվածքների բարելավում։ 

Կարևոր է հասկանալ այս քաղաքականության երկարաժամկետ ազդեցությունը։ Հաճախ նշվում է, որ կան այլընտրանքներ՝ դպրոցները պահպանելու կամ օպտիմալացնելու համար։

Սերոբ Խաչատրյան

«Այս խնդիրը բավական հին է և դեռևս առկա էր մոտ 25 տարի առաջ։ Այդ ժամանակ միջազգային տարբեր հետազոտողներ, որոնք դիտարկում էին Հայաստանի կրթական համակարգը, նշում էին, որ դուք մի կողմից բողոքում եք, որ գումար չունեք ուսուցիչներին աշխատավարձ տալու, շենքերի պահպանման ծախսերի համար, բայց մյուս կողմից՝ պահում եք շենքեր, որոնցում սովորում են շատ քիչ թվով աշակերտներ։ Եվ առաջարկվեց, որ այն դպրոցները, որոնցում աշակերտների թիվը շատ փոքր է, փակել և աշակերտներին ավտոբուսներով տեղափոխել։ Բայց այդ տարիներին նախարարությունը, կառավարությունը հրաժարվեցին՝ համարելով, որ իրենք կպահեն այդ դպրոցները։ Բայց այս տարիների ընթացքում խնդիրն էլ ավելի սրվեց»,- ասում է կրթության ոլորտի փորձագետ, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։

100-ից քիչ աշակերտ ունեցող դպրոցների օպտիմալացումը միայն կրթության խնդիր չէ։ Այն ուղիղ կապ ունի համայնքների ապագայի, մարդկանց կյանքի որակի և սահմանամերձ տարածքների կայունության հետ։ Խնդիրը պահանջում է հավասարակշռված մոտեցում։

Լիանա Բալյան

«Դպրոցը, առհասարակ, սոցիալականացման գործառույթ է իրականացնում և կարելի է ասել, որ ընտանիքից հետո երկրորդ հաստատությունն է, կամ երկրորդ ինստիտուտն է, որը նպաստում է երեխայի զարգացմանը, սոցիալականացմանը։ Դպրոցների օպտիմալացման հարցում իմ տեսակետը միանշանակ չէ, որովհետև ունենք որակի լրջագույն խնդիր։ Եվ սա ոչ միայն շենքային պայմաններին է վերաբերվում, այլ նաև մասնագետների հարցի, ու գաղտնիք չէ, որ հատկապես սահմանամերձ և հեռավոր գյուղերում մեկ ուսուցիչ կարող է շրջակայքի մի քանի դպրոցներում աշխատել։ Կարծում եմ օպտիմալացման հարցը այս ուսուցչի խնդիրն էլ է լուծում։ Սակայն, մյուս կողմից դպրոցը դիտարկվում է որպես կապիտալ համայնքի համար։»,- ասում է ՀՊՄՀ դասախոս, սոցիոլոգ Լիանա Բալյանը։

Leave a Comment