Իրավապահները Փաշինյանին միջնամատ ցույց տված քաղաքացու նկատմամբ պատժամիջոցներ կկիրառեն ընտրություններից հետո. ԶԼՄ

Իրավապահ մարմինները ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած քաղաքացու նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ կկիրառեն ընտրություններից հետո, գրել է «Հրապարակը»։

Ըստ թերթի՝ այն բանից հետո, երբ Երևանի Շենգավիթ համայնքում մարտի 21-ին «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի ժամանակ բնակիչներից մեկը միջնամատ էր ցույց տվել Փաշինյանին, վարչապետին ուղեկցող ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանն անմիջապես կապվել է ենթակաների հետ և փոխանցել շենքի հասցեն ու հարկը, որ ճշտեն քաղաքացու տվյալները և փոխանցեն իրեն։

Պարբերականի փոխանցմամբ՝ քաղաքացու դեպքին կվերադառնան եթե ոչ այս փուլում, ապա ընտրություններից հետո։

Թերթն ուշագրավ է համարել նաև այն, որ Փաշինյանին մեծ թվով ՊՊԾ աշխատակիցներ են ուղեկցում, այսինքն՝ իշխանությունները ներկուսակցական քարոզարշավի համար օգտվում են պետական միջոցներից։

Օրաթերթը մարտի 21-ին գրել էր, որ ՔՊ-ն նախնական որոշում է կայացրել ներկուսակցական քարոզարշավի շրջանակում Երևանում ավտոբուսով շրջայցեր չիրականացնել, քանի որ մայրաքաղաքում կուսակցության դիրքերը թույլ են։

ՔՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է մարտի 27-28-ին: Այդ օրերին 1000 պատվիրակի քվեարկությամբ կորոշի 50 թեկնածուների վարկանիշային հերթականությունը, իսկ ապրիլի 4-5-ին կայանալիք համաժողովի ժամանակ կհաստատվի ձևավորված 50-յակի վերջնական ցանկը:

Leave a Comment