Հարավկորեական աշխարհահռչակ K-pop խումբը՝ BTS-ը, երկար սպասված վերադարձը կնշի մեծ համերգով Սեուլում։ Համերգը տեղի կունենա քաղաքի ամենահայտնի վայրերից մեկում՝ Gwanghwamun Square հրապարակում։ Խմբի յոթ անդամները կկատարեն երգեր իրենց նոր՝ մոտ չորս տարվա դադարից հետո թողարկված «ARIRANG» ալբոմից։
Ալբոմի անվանումը վերցված է Կորեական թերակղզու ամենահայտնի ժողովրդական երգերից մեկից՝ Arirang-ից, որը խորհրդանշում է երկրի մշակութային ինքնությունը։Համերգը կհեռարձակվի ամբողջ աշխարհում՝ Netflix հարթակով։ Այն նաև կնշանավորի խմբի վերադարձը, քանի որ վերջին տարիներին BTS-ի անդամները դադար էին վերցրել՝ Հարավային Կորեայում պարտադիր զինվորական ծառայությունը կատարելու համար։
Սպասվում է, որ հրապարակում կլինի մոտ 20 հազար հանդիսատես, իսկ շուրջ 240 հազար մարդ համերգին կհետևի հարակից տարածքներում տեղադրված մեծ էկրաններով։ Իշխանությունները նախատեսում են փակել որոշ ճանապարհներ և ուժեղացնել անվտանգության միջոցառումները։ Մասնագետների կարծիքով՝ այս համերգը ոչ միայն BTS-ի մեծ վերադարձն է, այլ նաև հնարավորություն՝ կրկին ցույց տալու Հարավային Կորեայի մշակութային ազդեցությունը աշխարհում։
