Կայացել են «Կուռառա» ռոք խմբի համերգները Գյումրիում և Երևանում




Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ «Կուռառա» ինդի ռոք խմբի հայաստանյան հյուրախաղերը՝ «Estety-Tour 2026» շրջագայության շրջանակում, կայացան մեծ հաջողությամբ։


 


Մարտի 21-ին Գյումրու Կամերային դահլիճում և մարտի 22-ին՝ Ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցած համերգները դարձան իսկական տոն ռոք երաժշտության սիրահարների համար՝ հագեցած էմոցիոնալ և անմոռանալի պահերով։ Երկու քաղաքների հանդիսատեսն էլ աչքի ընկավ մեծ ակտիվությամբ և անկեղծ ոգևորությամբ․ նրանց ջերմ ընդունելությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ «Կուռառա»-ն ունի հավատարիմ և սպասող լսարան Հայաստանում։  


 


Երևանյան համերգից առաջ Ֆիլհարմոնիայի Գրադարանում տեղի ունեցավ հանդիպում «Կուռառա» խմբի անդամների և երիտասարդ ռոք երաժիշտների, ինչպես նաև ռոք երաժշտության սիրահարների միջև։ Հանդիպումն անցավ ջերմ և բաց մթնոլորտում։ «Կուռառայի» երաժիշտները պատասխանեցին մասնակիցների հարցերին, կիսվեցին իրենց ստեղծագործական փորձով և տպավորություններով, մասնավորապես անդրադարձան նախորդ օրը Գյումրիում կայացած համերգին՝ ընդգծելով հանդիսատեսի ներգրավվածությունն ու ջերմությունը։


 


«Կուռառա»-ն, լինելով Ուրալի ժամանակակից երաժշտական շարժման կարևոր ներկայացուցիչներից մեկը, հայաստանյան հյուրախաղերով ևս մեկ անգամ հաստատեց իր յուրահատուկ տեղը ժամանակակից ռոք բեմում։


 


Հայաստանի պետական ֆիլհարմոնիան շարունակում է իր առաքելությունը՝ ներկայացնելու միջազգային բարձրակարգ երաժշտական նախագծեր և ստեղծելու բարձրարվեստ ու բազմաժանր միջոցառումներ Երևանում և Երևանից դուրս։ Գյումրու համերգը կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Մարզային համերգաշար» ծրագրի շրջանակում։


 


 


 


 


 


Leave a Comment