Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Կասպից ծովում անվտանգության ապահովման հարցը

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչիի քննարկել են Կասպից ծովում անվտանգության ապահովման հարցը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական էսկալացիան կանխելու հնարավոր միջոցառումների վերաբերյալ։

Բայրամովը նաև վերահաստատել է Թեհրանին Բաքվի սպասումները Նախիջևանի վրա Իրանի տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտից։

Ադրբեջանական լրատվամիջոցները մարտի 5-ին հայտնել էին, որ Նախիջևանում ընկել է 2 ԱԹՍ, որոնք, ենթադրաբար, արձակվել էին Իրանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել պատասխան գործողությունների։

Թեհրանն, իր հերթին, մեղադրել էր Իսրայելին։ Մարտի 6-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ որոշել է ամբողջությամբ դուրս բերել Թեհրանում գտնվող դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության անձնակազմը։ Մարտի 7-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից պլանավորված «ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքագրման» կանխման մասին։

Մարտի 18-ին Իրանի արտաքին գործերի նախարարը Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ այն երկրները, որոնք իրենց տարածքը տրամադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին, կդառնան Իրանի «օրինական թիրախ»։

Leave a Comment