ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆի հետ. ԶԼՄ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իրանի անունից մասնակցում է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը նույնպես հաղորդում է այս մասին՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։ ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, խոսել են Ղալիբաֆի հետ, գրել է նա X-ում։

Իսրայելական Ynet-ը հաստատում է Ղալիբաֆի մասնակցությունը բանակցություններին՝ նշելով, որ գործընթացը հիմնականում իրականացվում է միջնորդների միջոցով, և պարզ չէ, թե արդյոք Իրանի խորհրդարանի խոսնակը անմիջական կապի մեջ է ամերիկացիների հետ։

Axios-ի տվյալներով՝ Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը վերջին երկու օրերի ընթացքում հանդես են եկել որպես միջնորդներ Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Այս երկրների արտաքին գործերի նախարարներն առանձին զրուցել են Ուիթկոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Միջնորդությունը շարունակվում է և առաջ է շարժվում։ Քննարկումները վերաբերում են պատերազմի ավարտին և բոլոր չլուծված հարցերի լուծմանը», – հրատարակությանը հայտնել է աղբյուրը։

Ռավիդը հետագայում հայտնել է, որ միջնորդ երկրները ցանկանում են այս շաբաթավերջին Իսլամաբադում հանդիպում կազմակերպել Ղալիբաֆի և Թեհրանը ներկայացնող այլ պաշտոնյաների, ինչպես նաև Ուիթկոֆի, Քուշների և, հնարավոր է, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ռազմական հարվածները 5 օրով հետաձգելու մասին։ Truth Social-ում գրառման մեջ նա նշել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին երկու օրում «շատ լավ և արդյունավետ» բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում թշնամանքի լիակատար կարգավորման շուրջ։

Fars գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, ավելի ուշ գրել էր, որ Իրանը ԱՄՆ-ի հետ ո՛չ ուղիղ, ո՛չ միջնորդների միջոցով կապ չի ունեցել։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Գործողության արդյունքում զոհվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ են հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

Leave a Comment