Քաղաքացին ցանկություն է հայտնել, որ ԱԹՍ–ն հարվածի Փաշինյանին ու Աննա Հակոբյանի ինքնաթիռին և մեղադրյալ դարձել. Factor.am


Հասարակություն


Քաղաքացի Ս․Ա․-ն օրեր առաջ մեղադրյալի կարգավիճակ է ստացել ֆեյսբուքյան մի գրառման համար, որով ցանկություն էր հայտնել, որ անօդաչու թռչող սարքը հարվածեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  և Աննա Հակոբյանին սպասարկող ինքնաթիռին։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։


Գործը քննվում է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչությունում։ Պարզվում է` 2025 թվականի դեկտեմբերին Facebook սոցիալական հարթակում տեղադրվել է մի հրապարակում, համաձայն որի՝ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում։ Հրապարակման մեկնաբանությունների բաժնում Ս․Ա․-ն կատարել է հետևյալ գրառումը․ «Երանի, չեր, անոդաչուն, խփեր, բոլորս, կազատվեյինք էտ, երկու, հրեշներից» (մեկնաբանությունը մեջբերված է առանց փոփոխության – խմբ․)։



Գրառումից հետո Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչությունում նախաձեռնվել է վարույթ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այսինքն՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը՝ զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Վարույթ նախաձեռնելուց շուրջ 3 ամիս անց Ս․Ա․-ին այս հոդվածով մեղադրանք է ներկայացվել։

Կայքի տեղեկություններով՝ Ս․Ա․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։


Leave a Comment