
Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հրավերով, հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Թամար Բագրատիոնին կմասնակցի «Միասին ավելի լավ ապագայի համար» գլոբալ գագաթնաժողովին, որը կազմակերպել է Մելանյա Թրամփը։
Գագաթնաժողովի շրջանակներում Մելանյա Թրամփը կլոր սեղանի ձևաչափով Սպիտակ տանը կհյուրընկալի առաջին տիկնանց։ Քննարկումների նպատակն է գնահատել թվային դարաշրջանում երեխաների բարեկեցության համար առաջին դեմքերի տիկնանց աջակցությունը և քննարկել նրանց ընդհանուր պարտավորությունները։
Վրաստանի առաջին տիկնոջ հետ միասին գագաթնաժողովին կմասնակցեն նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Բայա Կվիցիանին և Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխին: