ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ռազմական հարվածները 5 օրով հետաձգելու մասին։ Այդ մասին նա գրել է Truth-ում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրում «շատ լավ և արդյունավետ» բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում թշնամանքի լիակատար կարգավորման շուրջ։
Թրամփի խոսքով՝ բանակցությունները «խորքային, մանրամասն և կառուցողական» են և կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում։ Նրա հայտարարության համաձայն՝ ռազմական գործողությունների հետաձգումը պայմանավորված է ընթացող հանդիպումների արդյունքներով։
«Ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր հարվածները»,- գրել է նա։
Fars գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, ավելի ուշ գրել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ ո՛չ ուղիղ, ո՛չ միջնորդների միջոցով կապ չի ունեցել։
Ըստ իրանական կողմի աղբյուրի՝ Թրամփի հետ չկա, նա պարզապես «հետ է կանգնել հարվածներից, երբ լսել է, որ Մերձավոր Արևելքում Իրանի համար թիրախներ են դառնալու ամերիկյան բոլոր էլեկտրակայանները»։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Գործողության արդյունքում զոհվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ են հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
