Կոռնիձորի մոտ՝ Արցախի ֆոնին լուսանկարված արցախցիներին ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Փաստաբանը մանրամասնել է, որ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Երեք արցախցի, որոնք շինարարական աշխատանքներ են կատարել Տեղ և Գորիս համայնքներում, այցելել են Կոռնիձոր և լուսանկարվել Արցախի ֆոնին՝ «կարոտն առնելու նպատակով»։
«Վերադարձի ճանապարհին ԱԱԾ աշխատակիցները նրանց կանգնեցրել են, առգրավվել հեռախոսները, փաստացի զրկել ազատությունից և փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Մոտ 1-2 ժամ հետո նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով»,- պատմել է Երիցյանը։
Երիցյանի խոսքով՝ նախատեսված վարչական պատասխանատվության փոխարեն ԱԱԾ-ն բավարարվել է նախազգուշացմամբ, սակայն նրանց հեռախոսները փաստացի խուզարկության են ենթարկվել՝ առանց դատարանի որոշման։
«Արդեն ոստիկանության բաժնում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ փոխգնդապետի կոչմամբ, հետաքրքրվել է լուսանկարվելու պատճառների մասին, ապա ասել, որ եթե կարոտում են, թող գնան, հանձնվեն և տուն վերադառնան՝ կարոտն առնեն»,- մանրամասնել է նա։
Փաստաբանի խոսքով՝ նման արտահայտությունների, խտրականության և ատելության համար պաշտոնյան վաղ թե ուշ պատասխանատվության կենթարկվի։
Մարտի 22-ին Երևանի մետրոպոլիտենում վիճաբանություն էր տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև, երբ Փաշինյանն առաջարկել էր ՀՀ դրոշով պատկեր նվիրել կնոջ երեխային։ Փոխադարձ արձագանքներից հետո Փաշինյանը բարձր ձայնով և «մատ թափ տալով» էր պատասխանել կնոջը՝ հորդորելով Արցախի հետ կապված մեղադրանքներ չհնչեցնել։
«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել։ 2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ ճանապարհը փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, հիմա եկել եք այստեղ և ասում եք՝ մենք ուզում էինք վերադառնալ։ Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, ինչի՞ չեք մնացել»,- ասել էր Փաշինյանը։
