23 մարտի 2026 – 13:07 AMT
PanARMENIAN.Net – Temu-ի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությամբ՝ սեպտեմբերից այդ հարթակում վաճառք կազմակերպելու հնարավորություն կընձեռվի նաև հայաստանցիներին։ Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՔՊ ներկուսակցական քարոզարշավի ընթացքում՝ արձագանքելով առևտուր իրականացնող քաղաքացու համապատասխան մտահոգությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանման խնդրանքին։
Առևտուր իրականացնող քաղաքացու և վարչապետի միջև տեղում ծավալված քննարկումը վերաբերել է օնլայն հարթակների ազդեցությանը տեղում կազմակերպվող առևտրի վրա, ինչին Նիկոլ Փաշինյանը ներգրավել է նաև էկոնոմիկայի նախարարին, հայտնում է Արմենպրեսը:
«Մի հարթակ կա՝ Temu, որը հնարավորություն տալիս է Հայաստանից գնումներ իրականացնել, բայց մեր արտադրողներին հնարավորություն չի տալիս, որ դնեն կայքում ու վաճառեն։ Հիմա իրենց հետ աշխատում ենք, ժամանակացույց ունենք։ Նախնական պլանավորված է, որ սեպտեմբերից մենք այնտեղ պետք է կարողանանք վաճառք անել, փորձնական վաճառք, հետո արդեն անցնենք ամբողջական ծավալի, որովհետև, ըստ էության, այդ պրոցեսներին շատ դժվար է դիմադրելը, պետք է փորձենք դրանից օգուտ քաղել»,- նշել է նախարարը։