Ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ է եղել, այդքան արյուն է հեղվել, այդ վերքերը դեռ թարմ են, ասել է Միրզոյանը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Ասել, որ բոլոր հարցերը հարթված են, որ ոչ մի խնդիր չկա, անամպ է Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը, կլինի մեծ չափազանցություն։
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
«Ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ է եղել, այդքան արյուն է հեղվել, այդ վերքերը դեռ թարմ են։ Ի վերջո դեռ ունենք Բաքվում պահվող անձինք, դեռ կան բազմաթիվ հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանում», – ասել է Միրզոյանը:
Ըստ նախարարի՝ ագրեսիան և միմյանց նկատմամբ թշնամությունը երկու հասարակությունների, նաև երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչների տեքստերում աստիճանաբար նվազում է։
Նրա խոսքով՝ սա հեշտ ճանապարհ չէ, բայց պետք է հաստատակամորեն շարժվել այս ճանապարհով։
Միրզոյանը հույս է հայտնել, որ մի օր կլինի վերջնական, այդ թվում՝ հոգեբանական հաշտեցում 2 հասարակությունների միջև։