Այս պահին արդյունք չկա․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող անձանց մասին

Նախարարի խոսքով՝ Բաքվում պահվող անձանց և գերիների վերաբերյալ իրենց դիրքորոշումը նույնն է՝ հրապարակային խոսելու փոխարեն աշխատել


ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Բաքվում պահվող անձանց։


«Այս պահին արդյունք չկա։ Սա այն հարցն է, որ կամ կա արդյունք, կամ՝ ոչ»,-ասել է նա։


Նախարարը նշել է, որ աշխատանքներ տարվում են, և այդ հարցը չի կարող վերանալ օրակարգից։


Նրա խոսքով՝ Բաքվում պահվող անձանց և գերիների վերաբերյալ իրենց դիրքորոշումը նույնն է՝ հրապարակային խոսելու փոխարեն աշխատել։


«Մենք ողջունում ենք վերջին չորս գերիների ազատ արձակումը, և վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց հնարավորինս շուտ ազատ արձակումը ևս մի քայլով կամրապնդի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։


Բաքվի հայ գերիների մասին


Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ իր մոտ պահվում են ընդամենը 33 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են, որ կան ևս 80 հայ գերիներ։ Ադրբեջանում ձերբակալված են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար և նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։


Նշենք, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան։

Leave a Comment