Հռոմի պապը Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմն անվանել է «խայտառակություն մարդկության համար»

Հռոմի Լևոն XIV պապը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը «վիրավորում է ողջ մարդկությանը» և կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները


ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Հռոմի Լևոն XIV պապը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը «վիրավորում է ողջ մարդկությանը» և կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները:


Այս մասին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում «Տիրոջ հրեշտակը» աղոթքից հետո, հայտնում է РБК-ն։


«Այս պատերազմների պատճառած մահն ու տառապանքը խայտառակություն են ողջ մարդկության համար և աղաղակ առ Աստված: Ես վերստին հորդորում եմ անդադար աղոթել, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները և վերջապես բացվեն խաղաղության ուղիները»,- ասել է Հռոմի Լևոն XIV պապը:


Նա նաև ընդգծել է, որ եկեղեցին չի կարող լռել «այսքան անպաշտպան մարդկանց տառապանքների առջև»։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հավելել է. «Այն, ինչ նրանց ցավ է պատճառում, վիրավորում է ողջ մարդկությանը»։


Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին


Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:


Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:


Իրանի պետական հեռուստատեսությունը փետրվարի 28-ին հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդի իրավահաջորդի գլխավոր թեկնածուն է։


Իրանի Փորձագետների խորհուրդը մարտի 9-ին երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել սպանված Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին։


 

Leave a Comment