23 մարտի 2026 – 13:30 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը և Ադրբեջանը չեն բանակցել և բանակցում ՀՀ-ի Սահմանադրության փոփոխությանը վերաբերող որևէ հարց, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում: Նա այդպես է պատասխանել «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի հարցին։
«Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա։ Երբ մենք ասում ենք՝ չենք կարող Սահմանադրությունը քննարկել ձեզ հետ, դա Հայաստան-Ադրբեջան բանակցությունների թեմա չէ, իրենք ասում են՝ շատ լավ, դա մենք չենք բանակցում, չենք պահանջում, ձեր ներքին գործն է, բայց ձեզ տեղեկացնում ենք՝ քանի դեռ ձեր Սահմանադրությունն այս ձևակերպումներն ունի, մենք չենք պատրաստվում ստորագրել (խաղաղության համաձայնագիր. խմբ.)»,- ասել է Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա հիշեցրել է, որ Երևանն էլ բազմիցս ասել է՝ եթե որևէ խնդիր որևէ մեկը տեսնում է մեր Սահմանադրության մեջ, ապա հավասարապես և գուցե ավելին կարելի է տեսնել Ադրբեջանի Սահմանադրության մեջ։
Հայկական կողմը շարունակում է պնդել, որ նման տարբեր խնդիրների ու մտահոգությունների լուծումն ու հասցեագրումը հենց համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով վերջ կդրվի բոլոր տարընթերցումներին։
Միրզոյանը հավելել է, որ այստեղ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները բաժանվում են և չեն համընկնում։ Նրա խոսքով` եթե համընկնեին, համաձայնագիրը գուցե արդեն ստորագրված ու վավերացված լիներ։ Միրզոյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը շատ ավելի վաղ է բարձրացվել, որը հետաձգվել է տարբեր պատճառներով։
Փաշինյանը մարտի 19-ին հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունում այլևս չպետք է խոսք լինի ՀՀ անկախության հռչակագրի մասին, քանի որ այն կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մինչ այդ հայտնել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, բայց դեռ չեն ամբողջացրել։ Նա նշել էր, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստում ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրի մասին հղումը ներածության մեջ էր։