3 մլն դրամի վնաս՝ բեզոարյան այծի ապօրինի որսի և հրազենի ապօրինի շրջանառության հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։
Քննությամբ պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին քաղաքացի Ն.Դ.-ն, իր ընկերների՝ Ա.Զ.-ի և Գ.Զ.-ի հետ միասին, քարակաքավ որսալու նպատակով իր ավտոմեքենայով գնացել է Վայոց ձորի մարզի Մոզրով բնակավայրի «Ջաֆարի ձոր» կոչվող տարածք, որտեղ իր կողմից ապօրինի ձեռք բերված որսորդական ակոսափող հրազենով ապօրինի որսացել է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ։
Նշվում է, որ կենդանին ներառված չի եղել Շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանված որսի թույլատրելի ցանկում։ Հանցագործության հետևանքով պետությանը պատճառվել է 3 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս։
«Այնուհետև, Գ.Զ.-ն և Ա.Զ.-ն գնալով որսված կենդանու ուղղությամբ՝ հայտնաբերել են այն և տեղափոխել ձորամիջյան առվակի ափ, որտեղ իրար օգնելով մորթել են, դրել պոլիէթիլենային տոպրակներում, տեղափոխել ու տեղավորել են ավտոմեքենայի մեջ և շարժվել դեպի Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ», – նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրանք վերադառնալու ճանապարհին նկատելով ավտոմեքենա և կասկածելով, որ դրանում հնարավոր է լինեն ոստիկանության ծառայողներ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ հանցագործության գործիք հանդիսացած հրազենը և տոպրակները դուրս են հանել ավտոմեքենայից ու նետել աննկատ վայր։
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, Ն.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի որսը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Գ.Զ.-ի և Ա.Զ.-ի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը):
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: