Փաշինյանն արցախցի կնոջը հրավիրել է կառավարություն՝ ուղիղ եթերում նրանից ներողություն խնդրելու

Փաշինյանն արցախցի կնոջը հրավիրել է կառավարություն՝ ուղիղ եթերում նրանից ներողություն խնդրելու

23 մարտի 2026 – 10:35 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Արցախից բռնի տեղահանված կնոջից, որի հետ մետրոյում մարտի 22-ի առավոտյան խոսակցության ժամանակ ասել էր․ «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինը 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է՝ Արմինե Մոսիյանը:

Նա կառավարություն է հրավիրել Արմինե Մոսիյանին՝ ուղիղ եթերում ներողություն խնդրելու: Այդ մաին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։

Եթե կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երևանի մետրոպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։

Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում»,-գրել է Փաշինյանը։

Նուն թեմային վարչապետն անդրադարձել էր նաև միջադեպի օրը՝ ամփոփելով մարտի 22-ին թիմակիցների հետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կատարած շրջայցը, հայտնում է Արմենպրեսը:

«Ես նաև մեր որոշ գործընկերների մեկնաբանություններից և քննադատություններից հասկացա, որ իմ ասածների մեջ ամեն ինչ չի եղել, ինչպես, երևի, պետք է լիներ։ Ես նորից ուզում եմ ներողություն խնդրել այն ամենի համար, ինչը ձևով և բովանդակությամբ չեմ ասել այնպես, ինչպես պետք է լիներ։ Բայց նոր գործընկերներին էի ասում, որ 2023 թվականի իրադարձություններին ես մինչև այսօր չեմ կարողանում առանց էմոցիաների անդրադառնալ։ Սա շատ մեծ թերություն է, ընդունում եմ այդ թերությունը, չեմ կարողանում ես այդ պահը հաղթահարել։ Ես նոր հիշեցի, որ ոչ մի տեղ չեմ կարողացել էմոցիաներս զսպեմ, բայց նոր խոստացա, որ ես մի օր այդ թեմային համապարփակ կանդրադառնամ»,- նշել է Փաշինյանը։

Ուղիղ եթերի ընթացքում դիմելով ԼՂ-ից բռնի տեղահանված կնոջը՝ Փաշինյանն ասել է․ «Հարգելի տիկին Մոսիյան, Ես Ձեզանից և Ձեր որդուց ներողություն եմ խնդրում էմոցիաների համար։ Ես կուզենամ, որ այդ խոսակցությունը տեղի ունենա… Ես գիտեմ, որ կմերժեք, հետևից երկու կոպիտ բառ էլ կասեք, ես դա ընդունում եմ խոնարհությամբ, բայց եթե հանկարծ Ձեր մտքով անցնի, որ արժի, որ մենք հեռախոսը դնենք և պայմանավորվենք հանգիստ, առանց էմոցիաների խոսել, իմացեք, որ ես Ձեր տրամադրության տակ եմ և այս գլխից ընդունում եմ այդ հրավերը։ Ես ընդունում եմ, որ ինչ-որ բան այնպես չեմ ասել, ճիշտ ժեստիկուլյացիայով չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել, ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել։ Բայց էլի եմ ասում, այս թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում, բայց ընդունում եմ, որ այս թեմայով պետք է հանդարտ խոսակցություն տեղի ունենա»։

Մարտի 22-ի առավոտյան մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է ՀՀ քարտեզի տեսքով կրծքանշան նվիրել մանկահասակ որդու հետ երթևեկով կնոջը, սակայն կինը հրաժարվել է՝ ասելով․ «Մենք ուրիշ քարտեզ ունենք»:

Վարչապետը դիմել է կնոջը՝ նշելով, որ նրա որդին ապրելու է այդ քարտեզով սահմանված տարածքում։ Կինը արձագանքել է: «Չե՞ք թողնելու, որ մենք մեր Արցախում ապրենք, արդեն չեք թողել։ Դուք չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»՝ հավելելով, որ իր հետ բարձր ձայնով չխոսի:

Դրան Փաշինյանը պատասխանել է․ «Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Ղարաբաղում ապրեք։ Եվ 2023 թվականին էդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, թե ես սահմանները փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան։ Դուք ասում էիք, որ ես հատուկ փակել եմ սահմանը, որ Ղարաբաղի ժողովուրդը Հայաստան չգնա։ Հիմա եկել եք այստեղ, ասում եք՝ վայ, բա մենք ուզում էինք վերադառնալ։ Որևէ մեկդ այս քարտեզի մասին քամահրանքով չխոսեք, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։

Վարչապետի այս հայտարարությունը լայն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։

Leave a Comment