Ասիայի խոշոր ֆոնդային բորսաները կտրուկ անկում են ապրել, երբ Վաշինգտոնը և Թեհրանը սպառնացել են սրել ռազմական գործողությունները, հայտնել է BBC-ն։
Ճապոնիայի Nikkei 225 ինդեքսը գրեթե 3,6%-ով ցածր էր, մինչդեռ Հարավային Կորեայի Kospi-ն գրեթե 6%-ով նվազել էր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը զգուշացրել էր, որ «կոչնչացնի» իրանական էլեկտրակայանները, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցի կարևորագույն նավագնացության երթուղին։ Իրանը հայտարարել է, որ նման ցանկացած հարվածի կպատասխանի՝ թիրախավորելով տարածաշրջանի հիմնական ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտները։
Ճապոնիան և Հարավային Կորեան հատկապես տուժել են հակամարտությունից, քանի որ նրանք մեծապես կախված են նավթից և գազից, որոնք սովորաբար անցնում են նեղուցով։
Իրանը փաստացիորեն փակել է Հորմուզի նեղուցը, որը աշխարհի ամենածանրաբեռնված նավթային նավագնացության ուղիներից մեկն է, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակվել են երկրի վրա։
Աշխարհի նավթի և հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մոտ 20%-ը սովորաբար անցնում է ջրային ճանապարհով, և պատերազմը հանգեցրել է վառելիքի համաշխարհային գների կտրուկ աճի։
Երկուշաբթի օրը Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ պատերազմը կարող է աշխարհը կանգնեցնել տասնամյակների ընթացքում ամենածանր էներգետիկ ճգնաժամի առջև։
Ավստրալիայի մայրաքաղաքում Ազգային մամուլի ակումբում ելույթ ունենալով՝ Բիրոլը համեմատել է ներկայիս էներգետիկ ճգնաժամը 1970-ականների ճգնաժամի և Ռուսաստանի կողմից 2022 թվականին Ուկրաինա ներխուժման ազդեցության հետ։
«Այս ճգնաժամը, ինչպես հիմա է, երկու նավթային ճգնաժամ և մեկ գազային փլուզում է»,- ասել է նա։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։
