Հարություն Հարությունյանը հրաժարական է ներկայացրել Դատավորների էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնից

Փաստաբան, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ Հարություն Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Փաստաբանի գրառումից։

«Հարգարժան դատավորներ, հարգելի գործընկերներ,

ինչպես գիտեք ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքում կատարվել են փոփոխություններ (իմ կարծիքով նաև՝ թիրախային փոփոխություններ, քանի որ այն ազդում է բացառապես ինձ վրա), ինչն ինձ կանգնեցրել է երկընտրանքի առջև՝ մնալ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի անդամ, թե զբաղվել փաստաբանությամբ։

Չնայած նրան, որ այդ փոփոխությունները հակասահմանադրական են՝ առնվազն սահմանափակող նորմին հետադարձություն տալու մասով և այդ մասով կհաջորդի համապատասխան իրավական գործընթաց, միևնույնն է, այս պահին պետք է ընտրություն կատարել։

Լինելով ազատ և անկախ մասնագիտության տեր՝ հայցելով անխտիր բոլոր դատավորներից յուրաքանչյուրի ներողամտությունը տեղեկացնում եմ, որ այսօր հրաժարական եմ ներկայացնելու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի պաշտոնից։

Հրաժարականը սկիզբ է մի նոր պայքարի, որի նպատակը անկախ դատական համակարգի կերտումն է։

Հարգանքով՝

փաստաբան Հարություն Հարությունյան»,- գրել է փաստաբանը։

Leave a Comment