Հռոմի Լևոն պապը Մերձավոր Արևելքի հակամարտությունը «մարդկության խայտառակությունն» է համարել

Հռոմի Լևոն XIV պապը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքով պատճառված մահն ու տառապանքը «խայտառակություն են ողջ մարդկության համար», փոխանցում է Vatican News-ը։

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապը հայտարարել է, որ շարունակում է տագնապով հետևել Մերձավոր Արևելքի իրավիճակին։

«Մենք չենք կարող լուռ մնալ այսքան մարդկանց՝ այս հակամարտությունների անպաշտպան զոհերի տառապանքների առջև։ Այն, ինչ վերքեր է հասցնում նրանց, վերքեր է հասցնում ողջ մարդկությանը։ Այս պատերազմների պատճառած մահն ու ցավը խայտառակություն են ողջ մարդկային ընտանիքի համար»,- ընդգծել է Լևոն XIV-ը։ Նա հավատացյալներին կոչ է արել «անդադար աղոթել»՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Ավելի վաղ Լևոն XIV-ը բազմիցս արտահայտվել էր Մերձավոր Արևելքի հակամարտության մասին՝ համաշխարհային առաջնորդներին կոչ անելով բարոյական պատասխանատվություն կրել ընդունվող որոշումների համար։ Խոսելով «բռնության պարուրաձև աճի» մասին՝ քահանայապետը հավատացյալներին կոչ է արել աղոթել, որպեսզի «ռումբերի որոտը դադարի, զենքերը լռեն, և տարածք բացվի երկխոսության համար, որտեղ լսելի կլինի ժողովուրդների ձայնը»։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլ Ռահիմ Մուսավին: Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ, վիրավորվել՝ շուրջ 3000-ը:

Իրանն ի պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ևԻսրայելի թիրախներին: Հարվածներ են հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին: 

Leave a Comment