Սահմանադրական կարգը Հայաստանում տապալված է, այստեղ երկու կարծիք գոյություն ունենալ չի կարող։ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգն այլևս գոյություն չունի, և այս պայմաններում այն անձը, որն ամբողջ իշխանության լծակներին է տիրապետում, դիմում է ապօրինի մեթոդների։ Կարող է հարց առաջանալ՝ եթե սահմանադրական կարգը տապալված է, ընտրական գործընթացներն արդեն իսկ խաթարված են, արդյո՞ք իմաստալից է ընտրական գործընթացին մասնակցելը, և ընդհանրապես՝ այս ընտրություններից մենք կարո՞ղ ենք որոշակի ակնկալիքներ ունենալ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

«Անկախ նրանից, թե իշխանությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, իշխանության ինչպիսի կենտրոնացում կա վարչապետին ձեռքում, միևնույն է՝ կա այս իշխանությունից ազատվելու երկու ճանապարհ։ Մեկն ընտրական ճանապարհն է, մյուսը՝ Սահմանադրության 115-րդ հոդվածով ամրագրված՝ վարչապետին անվստահություն հայտնելը։ Ցավոք սրտի, 2022 թ․-ից առայսօր տիտղոսային ընդդիմությանը, առաջին հերթին՝ սուբյեկտիվ, բայց նաև օբյեկտիվ պատճառներով, չի հաջողվել իրականացնել այդ գործընթացը։ Հնարավորություն կա դա իրականացնելու մինչև ընտրությունների օրը՝ հունիսի 7-ը»,- ասաց իրավաբանը:
«Մենք ունենք մի իշխանություն, որի համար Սահմանադրությունը որևէ սահման այլևս չի գծում։ Իրենք են սահմանում իրենց սահմանները։ Սահմանադրությունը ժամանակագրական առումով որևէ սահմանափակում չի նախատեսում վարչապետին անվստահություն հայտնելու և միաժամանակ նոր վարչապետ ընտրելու համար։ Դա կլիներ լավագույն ճանապարհը, այդ պարագայում արդեն վստահ կարող էինք լինել, որ հունիսի 7-ի ընտրությունները կանցնեին բնականոն ձևով, և Հայաստանը չէր կանգնի տարբեր արհավիրքների առաջ։ Բացառել, որ մինչև հունիսի 7-ը և դրանից էլ հետո այս իշխանությունն ապօրինի քայլեր չի ձեռնարկելու իր իշխանությունը պահելու համար, անհնար է»,- նշեց Պողոսյանը:
Սահմանադրագետի կարծիքով՝ շատ կուսակցություններ և քաղաքական գործիչներ խոր մոլորության մեջ են, թե միայն Ընտրական օրենսգրքով նախատեսված կանոններով շարժվելով՝ հնարավոր է լինելու ձերբազատվել այս իշխանությունից.

«Իշխանությունը գործադրել է բոլոր միջոցները՝ եվրոպական, արևմտյան կառույցներին անթաքույց ձևով թույլ է տալիս միջամտել այս գործընթացներին։ Օտարերկրյա ծառայությունները սկսել են իրենց գործունեությունը, այսպես կոչված, «հիբրիդային սպառնալիքներից» Հայաստանը պաշտպանելու համար, և այս պայմաններում չարժե ենթադրել, թե իշխանությունները կառաջնորդվեն Ընտրական օրենսգրքի բոլոր կանոններով»:
«Անկախ նրանից, թե որքան կուսակցություններ են մասնակցելու ընտրություններին, ինչ նախընտրական ծրագրեր են ունենալու, եթե նրանք իրապես նպատակ են դրել այս ընտրությունների միջոցով ձերբազատվելու այսօրվա իշխանություններից, մի քանի քայլ պետք է ձեռնարկեն։ Առաջին հիմնական քայլն այն է, որ ընտրազանգվածին պետք է բացատրել՝ մենք եվրոպական երկիր չենք, և հունիսի 7-ով իշխանությունից ազատվելու գործընթացը չի վերջանալու։ Այն պետք է սկսվի շատ ավելի շուտ։ Մարդիկ պետք է պատրաստ լինեն փողոց դուրս գալու»,- ասաց Վարդան Պողոսյանը: