Հայաստանում ստատեգիան անբարոյությունը նորմ, այն էլ՝ պետականորեն լեգիտիմ նորմ սահմանելն է. Հակոբ Բադալյան

«Ղարաբաղից փախածներ»: Սա միայն Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության խոսույթը չէ՝ դժբախտաբար: Սա նաեւ այդ քարոզչության սպառող շերտերի խոսույթն է:

«Ղարաբաղցիները չեն կռվել», «հայաստանցիներն են զոհվել, իսկ իրենք փախել են», «դեպի Երեւան խցանում էր»:

Կարծես դեպի Երեւան եկողը մի 5 գծանի «ֆրիվեյ» էր, ու այն խցանված էր: Խցանվել էր ընդամենը գրեթե մեկ գծանի ճանապարհը, որովհետեւ շատ մարդիկ ուզում էին պատերազմի գոտուց հեռացնել իրենց երեխաներին ու կանանց, տարեցներին: Ինչո՞վ է անբնական այդ ցանկությունը:

Հիմա Իրանը կռվու՞մ է, թե՞ ոչ: Այն էլ ինչպես է կռվում: Իսկ կա՞ն իրանցիներ, որոնք հեռանում են պատերազմող երկրից: Իհարկե կան: Շատ են, թե՞ քիչ: Այս չափումներն ընդհանրապես հասարակագիտության, ոչ թե քաղաքական կոնյուկտուրային շառլատանության ենթակա հարց է: Հեռացողներ, հարազատներին հեռացնողներ կան բոլոր տեղերում: Ի դեպ՝ դրա վրա կառուցվող քաղաքական շառլատանություն էլ: Հարցն այն է, որ ոչ ամենուրեք է, որ այդ շառլատանությունը կառուցվում է պաշտոնական քաղաքականության մակարդակում:

Ես անբարո եմ համարում անգամ քննարկելը՝ կռվել են արցախցիները, թե ոչ: Ինձ համար չկա այդպիսի հարց: Անբարո եմ համարում շահարկել նաեւ հայաստանցիների մասնակցության հարցը, երեսով տալ արցախցիներին դրա համար: Կարծես հայաստանցիները Ինդոնեզիայի համար են արել այդ ամենը: Ընդ որում, կրկնակի անբարո է, երբ դա այսօր անում ու խրախուսում են մարդիկ, որոնք վայելում էին արցախցիների ծափահարությունը 2019 թվականի օգոստոսին՝ երբ Վերածննդի ստեփաննակերտյան հրապարակում հայտարարում էին հայտնի խոսքերը, կամ լուսանկարվում էին Աղդամի բերքը բռերի մեջ՝ Աղդամը հայտարարելով հայրենիք:

Այս անբարոյականությունը չի ունենալու վերջ, քանի դեռ Արցախի մասին չի մոռանա վերջին արցախցին, որը ապրում է Հայաստանում: Դա է խնդիրը, դա է նպատակը, դա է ստրատեգիան: Հայաստանում անբարոյությունը նորմ, այն էլ պետականորեն լեգիտիմ նորմ սահմանելն է ստրատեգիան:

Հայաստանը ոչ թե անարժանապատիվ, այլ ըստ էության անբարո «խաղաղության» ռեժիմում է: Իսկ բարոյականության ավերակների վրա չի կարող կառուցվել խաղաղություն: Բարոյականության ավերակների վրա կաառուցվում է կիայն քաղքենի գավառականության խրախճանքի սրահ, բարոյականության ավերակների վրա պետությունը դառնում է քաղքենիագավառական հանդիսության մեծ սրահ։

Հակոբ Բադալյան, քաղաքակեն վերլուծաբան

Leave a Comment