Իսրայելի հարավում Իրանի հարվածներից տուժածների թիվը գերազանցել է 170-ը – armeniatoday.am

Իսրայելում 175 մարդ է վիրավորվել Իրանի կողմից իրականացված հրթիռային հարվածների հետևանքով, որոնք հասցվել են երկրի հարավում գտնվող Դիմոնա և Արադ քաղաքներին, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով տեղական բժշկական կենտրոնին։

Տվյալների համաձայն՝ մարտի 22-ի առավոտվա դրությամբ տուժածներից 36-ը շարունակում էին մնալ հիվանդանոցում։ Նշվում է, որ 11 մարդ ստացել է ծանր վնասվածքներ։ Տուժածների ընդհանուր թվից 84-ը վիրավորվել են Արադում՝ հրթիռի ընկնելու հետևանքով։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը «աշխատել են, սակայն չեն կարողացել որսալ հրթիռը»։ Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը կանցկացնի միջադեպի հետաքննություն։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին: Հակամարտությունից տուժել են տարածաշրջանի բոլոր երկրները։

Մարտի 21-ին հաղորդվել էր, որ Իսրայելի հարավում գտնվող Դիմոնա քաղաքի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 31 մարդ: Քաղաքի տարածքում է գտնվում Իսրայելի միջուկային հետազոտությունների կենտրոնը։

Leave a Comment