Մեկ հարց․ Երաժշտական նախընտրություններս կարող են թվալ խայտաբղետ, իրականում ․․․ Տիգրան Խզմալյան

ՄԻՏՔ․am – Պարոն Խզմալյանը՝ լինելով քաղաքական ու մշակութային անհատականություն, ինչ երաժշտություն եք լսում, որ ոճերի, տվյալ ոճից որ արտիստներին եք առավել նախընտրում։

Տիգրան Խզմալյան․ – Իմ երաժշտական նախընտրություններս կարող են թվալ խայտաբղետ, իրականում դրանք բոլորն էլ նույն արմատն ունեն։

Թվարկեմ այն հերթականությամբ, որով ձեւավորվում էր ճաշակս ու խառնվացքս։

Առաջին հզոր ազդեցությունն էր ռոք-ն-ռոլը՝ 60-ականների նոր հնչյունը, մռնչող բեռնատարների ու արագընթաց ավտոմեքենաների, վնգստող հաստոցների, գռմռող շարժիչների, շինարարական ամբարցիչների, հարվածող մուրճերի ու դղրդող մամլիչների ձայներն ու ռիթմերը։

Լիթլ Ռիչարդ, Չաք Բերրի, հետո Բիթըլզ ու Ռիլինգ Սթոունզ, Լեդ Զեփելին եւ Դիփ Փերփըլ, Փինք Ֆլոյդ ու ․․․ այսպես մինչեւ Նիրվանա՝ սա էր իմ սերնդի եւ իմ կյանքի ռոք-ն-ռոլը։

Հենց դրա շնորհիվ եւ բացահայտեցի ինձ համար դասական երաժշտությունը, հանկարծ ճանաչելով Բախին Procol Harumi կամ Բեթհովենին՝ Լենոնի Because երգերում, Շոպենին՝ Ժոբիմի Insensitive բոսա նովայում կամ Սայաթ Նովային՝ Ազնավուրի կատարնամբ։

Այսպես, ռոք-ն-ռոլի եւ բլյուզի միջոցով եւ հասա դրանց արմատներին՝ ժողովրդական երաժշտությանը, հայկական հնագույն գյուղական երգերին, հետո Կոմիտասին ու շարականներին։

Ես ինձ հանար բացահայտումներ էի անում՝ օրինակ, որ աշխարհում կան ջազի միայն երեք ուղղություններ. ամերիկյանը, սփիրիչուելզից եւ սոուլից եկած, հրեականը՝ խասիդական կադիշից առաջացած եւ … հայկականը՝ մեր գեղչկական երգերի եւ աշուղական մեղեդիների վրա հիմնված։

Կա՞, արդյոք, գերմանական, ֆրանսիական, իտալական ջազ, այդ ազգերի ողջ հզորագույն երաժշտական ավանդույթներով հանդերձ։ Ոչ։ Իսկ հայկական ջազ կա …

Մի օր գիրք եմ գրելու այդ ամենի մասին։ Կանվանեմ այն՝ «Ինչպես Բիթըլզը քանդեց Սովետական Միությունը»։

Leave a Comment