Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասե՞ր, կասի՞ այդպիսի բան Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության նախկին հանձնակատար Ժոզեֆ Բորելին, որը դեռեւս իր պաշտոնավարման ընթացքում արեց այդ հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:
Ոչ, Փաշինյանը Բորելին չասաց ու չի ասի այն, ինչ հոպորտալով ասում է մետրոյով երթեւեկող արցախցի տիկնոջ հանդեպ՝ նրա մանկահասակ երեխայի ներկայությամբ:
Ինչու՞ չի ասել Բորելին, ինչու՞ չի ասի Բորելին, բայց կասի արցախցիներին: Որովհետեւ «բորելներից» ինքն է կախված, իսկ արցախցիների մասով համարում է, որ նրանք են ավելի շատ կախված իրենից: Որովհետեւ Հայաստանում իր անմիջական քարոզչական ռեսուրսներով, մերձիշխանական շրջանակների քարոզչական ռեսուրսներով, այսպես ասած փորձագետ-քաղաքագետ յուրային շրջանակներով, տարիներ շարունակ ձեւավորել է հանրային միջավայր ու մթնոլորտ, որտեղիր էլեկտորալ կարիքների համար շահեկանը արցախցիների հանդեպ զազրախոսելն է, ոչ թե «բորելների» հանդեպ ընդդիմախոսելը:
Սա է իրականությունը, որի վրա փորձում են մի հաստ բրեզենտ քաշել «ռսաստրկության» ու «կրեմլի գործակալության» մասին պրոպագանդիստական պատմուճաններով, բայց մետրոյի ամեն հաջորդ «վագոնի» հետ՝ ավելի ու ավելի անհաջող եւ ամոթալի:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան