Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը պնդում է՝ փետրվարին թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավար Սերգո Սարգսյանն ու նրա ենթականերն իրեն հայհոյել են, ծեծել ու շենքից դուրս հանել: Armenia Today-ին նա պատմել է, որ որպես բակային մաքրուհի աշխատել է 2024 թվականի մայիսից մինչև 2026 թվականի փետրվարի 18-ը։
Նրա խոսքով՝ աշխատանքից հեռացնելուն նախորդել էր կոմունալ բաժնի պետի դժգոհությունը, ինչն սկսվել էր, երբ ինքը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացրել և պահանջել վերանորոգել իրենց շենքի տանիքը։
Մխիթարյանը նշել է, որ ակցիայից հետո, երբ հարաբերությունները լարվել են, աշխատավարձի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Նրա խոսքով՝ հունվարին պետք է ստանար 145 հազար դրամ, սակայն ստացել է միայն 68 հազար դրամ, իսկ մնացածը կրճատվել է՝ պատճառաբանությամբ, թե, իբր, աշխատանքի չի հաճախել։ Նա շեշտել է, որ աշխատանքի է գնացել և դրա վերաբերյալ լուսանկարներ ունի։
Մխիթարյանը պատմել է, որ փետրվարի 23-ին գնացել է թաղապետարան պարզաբանում ստանալու աշխատավարձից պահումների վերաբերյալ, որից հետո էլ, նրա խոսքով, վիճաբանություն է տեղի ունեցել։ Նա պնդում է, որ կոմունալ բաժնի պետն իրեն «հարվածել է և հայհոյել, իսկ նրա որդին փորձել է ձեռքից վերցնել հեռախոսը»։
«Ակնոցներս կոտրեցին, քաշքշեցին, նորից ծեծեցին։ Ասացին՝ հույս չունենամ, որ նորից աշխատանքի կվերադառնամ, և ամեն ինչ կանեն, որ ուրիշ տեղ էլ չաշխատեմ»,- պատմել է նա։
Մխիթարյանի խոսքով՝ ինքը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 36 հազար դրամ թոշակ, իսկ մայրը՝ 63 հազար դրամ։ Նա նշել է, այժմ գործազուրկ է և ապրում են միայն թոշակով։
Մխիթարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և քննչական մարմիններին՝ պահանջելով վերադարձնել իր աշխատավարձը, վերականգնել աշխատանքում և պատասխանատվության ենթարկել իրեն ծեծելու մեջ մեղադրվող անձանց։
Մարտի 20-ին Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
