Պրահայում տեղի է ունեցել հավաք՝ ի աջակցություն Չեխիայի նախագահի և ընդդեմ գործող կառավարության քաղաքականության, հայտնում է Radio Prague International-ը։ Նշվում է, որ հավաքին մասնակցել է մոտ 250,000 մարդ։
Միջոցառման նպատակն էր ուշադրություն հրավիրել ժողովրդավարության խաթարման, հասարակության օլիգարխացման և Անդրեյ Բաբիշի կառավարության քաղաքականության վրա, որը, ըստ հավաքվածների, հանգեցնում է դրան։ Կազմակերպիչները, ի թիվս այլ բաների, քննադատել են կառավարության ծրագրերը՝ փոխելու պետական լրատվամիջոցների ֆինանսավորումը, ռուսական սպառնալիքի ենթադրյալ թերագնահատումը և պաշտպանական ծախսերի կրճատումը, որը նրանք անվանում են Չեխիայի Հանրապետության ապագայի համար ռիսկ։
Ցուցարարները պարզել էին Չեխիայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի դրոշներ, ինչպես նաև պաստառներ՝ կարգախոսներով, որոնք հաճախ քննադատում էին գործող կառավարությանը կամ աջակցություն էին հայտնում նախագահ Պետր Պավլովին: Դրանց թվում էին, օրինակ՝ «Ձեռքերը հեռու մշակույթից», «Մենք ձեզ Չեխիայի Հանրապետությունը չենք տա», «Ժողովրդավարություն ապագա սերունդների համար», «Կանգնեցրեք կառավարության կաբարեն», «Միջազգային ամոթի կառավարություն», «Կարմիր Բաբիշ, Չեխիայի գերեզմանափորը» և «ԱՅՈ, ավելի լավ էր»:
