Եթե Սամվել Կարապետյանը 1 սմ հետքայլ կատարեր՝ ՀԷՑ-ը հետ էին հանձնելու և մի քանի անգամ ներողություն խնդրեին. Դավիթ Ղազինյան



Առանձնապես ակնկալիք չունեմ դատարանից՝ հաշվի առնելով զարգացումները և փոքրիկ խմբակի ցանկությունը ՀԷՑ-ը խլելու: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։



«Եթե հիշում եք՝ դատարանը մերժեց մեր կողմից կառավարչի և հանձնաժողովի նախագահին որպես վկա ներգրավվելու միջնորդությունը: Չգիտեմ, թե հիմքում ինչ է դրել, բայց ես պնդում եմ, որ միանշանակ իրենց կարիքը այստեղ կար: Մեկինը որպես կառավարիչ՝ իր պարտավորություններից և իրավունքներից դուրս հայտարարություններ կատարելու համար, և երկրորդը՝ որպես կառավարիչ նշանակող միանձնյա վարույթ հարուցող»,- նշել է նա:


Անդրադառնալով ՀԷՑ-ի գործին՝ Ղազինյանը շեշտել է, որ այստեղ ՀԷՑ-ի, անձի կամ ֆինանսական խնդիրը չէ:


«Եթե Սամվել Կարապետյանը 1 սմ հետքայլ կատարեր՝ ՀԷՑ-ը փաթեթավորված հանձնելու էին հետ, մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին: Եթե հիշում եք՝ Սամվել Կարապետյանն ասել է, որ թքած ունի ՀԷՑ-ի վրա՝ որպես գույք: Այստեղ խնդիրը ներդրումային միջավայրի, պետական կառավարման նկատմամբ վերաբերմունքի մեջ է»:

Խոսելով ՀԷՑ-ի պետականացման մասին՝ Ղազինյանը հավելել է, որ պետականացում որպես այդպիսին գոյություն չունի, կան խլելու փորձեր:

«ՀԷՑ-ի իրական արժեքը 1 մլրդ դոլար է, մեր պետությունը չունի այդ հնարավորությունը: Չկա պետականացում հասկացություն, դա իրենց փոքրիկ խմբակի ընտրողներին ցույց տալն է՝ որ իբրև հարուստ մարդուց վերցնում են ինչ-որ բան»,- ասել է նա:

Նշենք, որ այս պահին ընթանում է «Տաշիր Կապիտալն» ընդդեմ ՀԾԿՀ-ի. ՀԷՑ-ի լիցենզիան պետք է վերականգնել» դատական նիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment