«Եթե մենք չլինենք, ապա պատերազմ է լինելու» թեզն ամենաստորացուցիչն է. Ռոբերտ Քոչարյան

Արդեն ձևավորվում է մի դաշտ, երբ լինելու են խոշոր ընդդիմադիր միավորներ և մեկ իշխանական միավոր։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, աշտարակցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս պահին բոլորը դիրքավորվում են, թե ինչ ծրագրերով և ընդհանրապես ինչպես են հանդես գալու մեր ժողովրդի առջև այս նախընտրական փուլում։ Մեր գլխավորումը դուք արդեն տեսել եք։ Ի՞նչն է դրական այս ամբողջ գործընթացում. և սա չափազանց կարևոր է, որովհետև մենք վերջին մի քանի ամսվա ընթացքում անընդհատ խոսում էինք դրա մասին, որ պետք է ձևավորել խոշոր ընտրական միավորներ, ոչ թե մասնակցել, օրինակ, ընդդիմադիր դաշտից 20-25 տարբեր կուսակցություններ կամ դաշինքներ»,- իր խոսքում նշել է երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե «չի նախանձում» իշխանություններին։ «Չեմ նախանձում այս փուլում իշխանությանը, իրենց համար բավական դժվար է ինչ-որ խոսքերով հանդես գալ մեր ժողովրդի առջև։ Ի՞նչ պիտի ասեն. առաջին, մարդիկ ասելու են՝ լավ, ութ տարի իշխանության գլխին եք, այդ ինչ-որ խոսք եք տալիս, դա պետք է արած լինեիք, ինչու չեք արել։

Եվ երկրորդը, ամեն մարդ, եթե բացում է իրենց նախընտրական ծրագիրը 21 թվականի տեսնում է, որ առնվազն 80%-ով արել են ճիշտ հակառակը, ինչ խոսել են։ Եվ հարց է առաջանում, ձեր խոստումները, ձեր ասածները գրոշի արժեք ուղղակի չունեն, քանի որ մենք այդ փորձը հարաբերվելու նմանատիպ իշխանության հետ արդեն ունենք, որ դուք կարող եք ասել մեկ բան և կյանքում անել ճիշտ հակառակը։ Եվ այս պատճառով իմ տպավորությամբ իրենք մի թեզ են առաջ բերելու՝ եթե մենք չենք, ապա պատերազմ է լինելու։ Ամենից վտանգավոր թեզն է, բայց նաև ամենից ստորացուցիչ»,- ընդգծել է նախագահը։

Leave a Comment