Գործը դարձել է դասագրքային օրինակ. Ղազինյանը հայտնել է ՀԷՑ-ի պետականացման շուրջ բանակցությունները հետաձգելու մասին

Դատարանը որոշել է ՀԷՑ-ի պետականացման շուրջ բանակցությունները հետաձգել մինչև մայիսի 25-ը, հայտնել է ընկերության նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Ըստ նրա՝ մինչև նշված օրը ներառյալ կլինի բանակցությունների փուլ, ապա ընկերությունը գերակա շահ ճանաչելու գործընթաց կլինի: Նախկին տնօրենի խոսքով՝ ներկայիս պայմաններում հնարավոր չէ գալ կոնսենսուսի։

«Մենք հակված չենք այդ բանակցություններին, հաշվի առնելով իրենց, և կատարած առաջին առաջարկը»,- նշել է նա։

Նա հավելել է որ Ստոկհոլմի միջազգային արբիտրաժում Կարապետյանների հայցի քննությունը ընդդեմ կառավարության, գտնվում է քննության փուլում։ Նա համոզմունք է հայտնել, որ այնտեղ արդեն զանգովի արդարադատություն չի գործելու և այսպես արդարությունը հաղթանակելու է։

«ՀԷՑ-ի գործը, որպես այդպիսին, դասագրքային գործ է դառնում, այսինքն ինչպիսին չպետք է լինի կառավարությունը, ինչպիսին չպետք է լինի դատարանը, որովհետև այստեղ մենակ ՀԷՑ-ի խնդիրը չի»,- շեշտել է նա։

Ղազինյանի խոսքով՝ եթե Կարապետյանը 1 սանտիմետր հետքայլ կատարեր, ՀԷՑ-ը «փաթեթավորված հանձնելու էին» հետ՝ մի քանի անգամ էլ ներողություն խնդրելով։

«Այստեղ խնդիր է ընդամենը ներդրումային միջավայրի, պետական կառավարման նկատմամբ վերաբերմունքի․ իրենք շատ լավ հասկանում են, որ ՀԷՑ-ի գործով ուղղակի ներդրողներին ասում են, որ չգա՛ք հանկարծ այստեղ, հնարավոր չէ այդպիսի բան, որ այս փորձը ունենալով՝ ինչ-որ խոշոր ներդրող գա, այստեղ ներդրում կատարի»,- պարզաբանել է նա։

Նախկին տնօրենն ասում է՝ ՀԷՑ-ի պետականացում որպես այդպիսին գոյություն չունի, կան խլելու փորձեր։

«ՀԷՑ-ի իրական արժեքը, ինչպես միշտ նշել եմ, մինչև 1 միլիարդ դոլար է, մեր պետությունը չունի այդ հնարավորությունը։ Ընդհանրապես պետականացնել հասկացությունը լինում է այն երկրներում, որոնք ունեն խիստ խնդիր ներդրումների հետ կապված։

Այս պարագայում հայտարարել, որ ՀԷՑ-ը գտնվում է ֆինանսական վիճակում, որ արժեքը շատ փոքր լինի և պետությունը կարողանա դա ձեռք բերել, դա «ռեյդերսկի զախվատ» է։ Չասեն ռուսերեն է խոսում, բայց իշխանությունների կողմից ամենատիպիկ դա է նշանակում։ Չկա պետականացում հասկացություն, դա իրենց փոքրիկ խմբակի ընտրողներին ուղղակի ցույց տալն է, որ մենք իբրև թե հարուստ մարդուց վերցնում ենք ինչ-որ բան»,- շեշտել է նա։

ՀՀ խորհրդարանը 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։ Դատարանը մերժել է ընդդիմադիր պատգամավորների՝ 2025 թվականի հուլիսին ՍԴ ներկայացրած դիմումը, որով վիճարկում էին ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։

2025 թվականի նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան՝ չնայած Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային դատարանի կողմից ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերի արգելքին։ Ընկերությունը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին, որը կալանավորվել էր եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո: Կարապետյանի ընտանիքը միջազգային արբիտրաժում պահանջում է 500 մլն դոլարի փոխհատուցում՝ կապված ՀԷՑ-ի իրավիճակի հետ։

Leave a Comment